Հասարակություն 

Գարիկ Սարգսյանը որոշել է, որ Զանգակատան դպրոցի տնօրենը պետք է մնա. Դասադուլները վերսկսում են

Շուրջ երկու ամիս Զանգակատուն գյուղի դպրոցի աշակերտների մի խումբ ծնողները պայքարում են դպրոցի տնօրեն Թամարա Հովհաննիսյանի հրաժարականի համար՝ պնդելով, թե նա դպրոցում բարձիթողի, անառողջ մթնոլորտ է ստեղծել:

Ծնողններից մի քանիսն Analitik.am-ի հետ զրույցում նշեցին, որ Թամարա Հովհաննիսյանը տարբեր տեսակի ճնշումներով և սպառնալիքներով ուսուցիչներին արգելում է իր դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկել, իսկ նեղ շրջապատում գլուխ է գովում, թե իր մեջքին է մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը, որն էլ բարեխոսում է տնօրենի համար, որպեսզի չհեռացնեն:

Մեր զրուցակիցները պնդեցին, թե իրենց տարբեր բողոքները մարզպետարանում ամեն անգամ օդում են մնում հենց  Մկրտչյանի ջանքերով, ով խոստանում է, որ այդ հարցին շուտափույթ լուծում կտա, բայց այդպես էլ իրավիճակը մնում է անորոշ: Արդյունքում տնօրենն ավելի ագրեսիվ է տրամադրված ծնողների և երեխաների նկատմամբ, նույնիսկ ծաղրում է, որ վերջիններիս մոտ չի հաջողվում իրեն հեռացնել:

Մեզ հետ զրուցողները նաև հայտնեցին, որ մարզպետարանի կոմից աուդիտ է արվել, 30 րոպեի ընթացքում ստուգվել են մոտ տաս տարվա տվյալներ և արդյունքում ոչինչ չի գտնվել: Հետաքրքրական է սակայն, որ աուդիտը ղեկավարել է վերոնշյալ Մկրտչյանը:

Մեզ փոխանցեցին, որ դպրոցում չարաշահումներ կան տնօրենի և իր ամուսնու կողմից, ով նույն դպրոցում աշխատում է որպես զինղեկ: Բողոքներ կան, որ որոշ մարդկանց սոցիալական փաթեթները յուրացվել են և նմանատիպ գումարային այլ հարցեր:

Մեր զրուցակիցները հայտնեցին, որ դպրոցն ունի բավականին մեծ պտղատու ագի, որի եկամուտը չի ծառայում աշակերտներին։ Իսկ շատ ծնողներ, ճանաչելով Հովհաննիսյանին որպես հաշվեհարդար տեսնող տնօրենի, վախենում են ինչ-որ քայլ ձեռնարկել:

Ծնողները տնօրենի հեռացման պահանջով ստորագրահավաք են իրականացրել և համապատասխան փաստաթուղթը ներկայացրել մարզպետարան: Նրանց մարզպետարանից պատասխանել են, որ Թամարա Հովհաննիսյանը պետք է մնա իր պաշտոնում, քանի որ այդպես են որոշել մարզպետ Գարիկ Սարգսյանն ու մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը:

Պայքարող աշակերտներն ու ծնողները, սակայն, չեն պատրաստվում նահանջել, սկզբունքորեն շարունակում են պահանջել տնօրենի հրաժարականը: Նրանք իրենց նպատակին հասնելու համար պատրաստվում են կրկին դիմել դասադուլների՝ շարունակելով պայքարը, քանի դեռ տնօրենը հրաժարական չի տվել:

Նույն շարքից