Քաղաքական 

Իշխանությունն անհասանելի է «բաժանորդների» համար

«Իշխանությունն անհասանելի է «բաժանորդների» համար

Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում իշխանության գալիս են այն քաղաքական գործիչները, ովքեր «ամենահամեղ» խոստումներով կարողանում են գրավել և վստահություն ներշնչել ընտրողներին։ Վերջիններս «մեծ ու համեղ» պատառի սպասումով իրենց քվեն տալիս են տվյալ քաղաքական ուժին՝ ակնկալելով բեկումնային փոփոխություններ ի շահ ժողովրդի և ոչ մի դեպքում ի շահ կառավարողների։ Ցավոք դրանք ուշանում են, հետո էլ ի սպառ անհետանում տվյալ իշխանության ծրագրի տողատակերում, այդպիսով, բազմակետից հետո դնելով  անթույլատրելի վերջակետ։ Իշխանությունը մոռանում է իր տված խոստումները, պարտականություններն ու անելիքները, և սեփական անզորությունից ելնելով իր անհաջողությունների «փայատեր» դարձնում սեփական ընտրողներին։ Ոչ վաղ անցյալում բոլորին դատող, քննադատող ու դատապարտող իշխանությունն ինքնադատ չէ և դրա արդյունքում երբեմնի սիրելի ընտրողները բեռ են դառնում իշխանավորների ուսերին, իսկ ընտրողները հանգում են նույն օրակարգին՝ ամեն մեկը խաղում է իր խաղը։

Այսպիսով, այս իշխանությունը, չիրականացնելով տված խոստումները, դառնում է անհասանելի իրեն «բաժանորդագրված» անհատների համար և հակառակը:

Ժողովրդավարությունը կայացած կարող է համարվել այն դեպքում, երբ իշխանությունը, հարգելով իր ժողովրդին, կատարում է իր խոստումները, լսելով իր ժողովրդին գնահատում և ուղղում է իր սխալները, իսկ լսված և չարհամարված ժողովուրդը, սեփականատիրոջ զգացումով, փոխում է իր վերաբերմունքը իշխանության նկատմամբ: Հակառակ պարագայում «կապն» ընդհատվում է, «բաժանորդները» դառնում են անհասանելի և ձևավորվում է նոր օրակարգ՝ նոր իրավիճակներով»:

«Հանրային շահերի ազգային կենտրոն» իրավունքների պաշտպանության ՀԿ

Նույն շարքից