Քաղաքական 

Հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության հարցում դիվանագիտական «դեմարշի» հնարավորություն ուներ. քաղաքագետ

Հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության հարցում դիվանագիտական «դեմարշի» հնարավորություն ուներ, որը չօգտագործեց և գնաց Փարիզ`մասնակցելու Ադրբեջանի հետ բանակցություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

 

«Այսինքն՝ ցույց տար, որ Հայաստանը միշտ չէ, որ պատրաստ է բոլոր պայմաններում բանակցելու. կա մի սահման, որից այն կողմ չենք գնա բանակցություններին և կարող ենք փաստացի ինքներս էլ դառնալ նախահարձակվող, ինչու չէ՝ նաև չբացառելով պատերազմի վերսկսման հնարավորությունը»,-ասաց նա։

 

Հարցին, թե դա շահարկման առիթ չէ՞ր հանդիսանա՝ քաղաքագետը պատասխանեց. «Սաֆարովի արտահանձնումից հետո, նման դիվերսիայից հետո և նմանատիպ քայլերից հետո մեկ անգամ բանակցային փուլից հրաժարվելը ու պահանջելը վերադառնալ կոնստրուկտիվիզմի դաշտ, կարծում եմ, շատ ավելի տրամաբանական և ընկալելի կլիներ միջազգային հանրության համար»։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ ի տարբերություն մեր բանակի, դիվանագիտությունը թույլ է։

 

«Մեր դիվանագիտությունը պետք է շատ ավելի պահանջող լինի։ Մենք մշտապես հանդես ենք գալիս բանաձևով, թե մեր դիրքորոշումը համահունչ է համանախագահների բանաձևի հետ և միշտ շեշտում ենք այդ մասին։ Բայց հենց մենք գիտակցենք, որ նույն համանախագահողները կորուստների նկատմամբ անտարբեր են, արդեն այդ քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կառաջանա։ Ամեն ինչին պատրաստակամ լինելու մեր այս դիվանագիտությունը թուլացնում է մեր դիրքերը և հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել իր սադրանքները»,-ասաց նա։

 

Քաղաքագետը նշեց, որ չի կարծում, թե դիվանագիտական ձևաչափի փոփոխության անհրաժեշտություն կառաջանա։ Նա նաև տեսակետ հայտնեց, որ բոլոր կողմերը կարծես Ադրբեջանին համոզելու դիրքից են հանդես գալիս այն դեպքում, երբ հնարավոր է կտրուկ քաղաքականությամբ կշեռքի նժարը թեքել Հայաստանի կողմ։

 

«Ժամանակի ընթացքում մի քանի անգամ ականատես ենք եղել, որ դա հնարավոր է։ Օրինակ՝ Քլինթոնի այցի ժամանակ, երբ կրկին դիվերսիա եղավ, այդ ժամանակ մեր բանակի խիստ կտրուկ քայլերը բավական երկար ժամանակ սաստեցին ադրբեջանական կողմին։ Բայց ռազմական գործոնը պետք է միակը չլինի, դիվանագիտությունը հավասար անելիք ունի»,-ասաց նա։

 

Ամեն դեպքում, ըստ նրա, ներկայիս լարվածությունը պատերազմի սպառնալիք չէ, այլ լոկալ անհանգստություն, որ փորձում է Ադրբեջանը պատճառել Հայաստանին։ 
 

Նույն շարքից