Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում ամերիկացի հայտնի դերասան Սթիվեն Սիգալը Սոչիի Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման վերաբերյալ հարցին պատասխանել է, որ կյանքում ընդհանրապես ոչնչի համար հնարավոր չէ 100%-ոց երաշխիք տալ։
«Ամեն ինչ հնարավոր է։ Սակայն ես շատ լավ ծանոթ եմ «Ալֆա» հատուկ ջոկատի հետ։ Կարծում եմ, որ նրանք աշխարհում լավագույն ստորաբաժանումներից են ահաբեկչության դեմ պայքարում։ Եթե հաշվի առնել նրանց փորձը ահաբեկչության դեմ պայքարի հարցում, ապա տղաների նման խմբի մասին միայն կարելի է երազել»,- ասել է Սիգալը, ում խոսքերը փոխանցում է inotv.rt.com-ը։
Լրագրողի այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար դերասանը նախագահին, որը կօգներ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Սիգալը նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կասեր, որ չափազանց կարևոր է Ռուսաստանի հետ դաշնակից դառնալը։
«Դա շատ ուժեղ երկիր է՝ հիանալի բնական պաշարներով և հրաշալի ղեկավարությամբ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը մեր ընկերն է։ Եվ ինձ թվում է՝ այլ գերտերությունների կողմից «կուլ չգնալու» կամ վնաս չկրելու համար միակ հնարավորությունը Ռուսաստանի լավագույն ընկերը դառնալն է»,- ասել է նա։
Դերասանը խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահին լսել իր խոսքերը, քանի որ Ռուսաստանը բաց է ազնիվ, ամուր և անկեղծ հարաբերությունների համար։ Եվ երկու երկրները կկարողանան իսկապես օգնել միմյանց։