Քաղաքական գլխավոր 

ԵՄ-ն պատրաստ չէ 100 տոկոսով ֆինանսավորել Հայաստանի ծրագրերը. Նիկոլ Փաշինյան

Կարող ենք արձանագրել, որ Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլ ենք թևակոխում: Այս առումով Բրյուսելում տեղի է ունեցել արձանագրում, որ ԵՄ-ն լիարժեք պատրաստ է Հայաստանին աջակցել բարեփոխումների օրակարգում և ընդհանրապես Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում: Այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Բրյուսել կատարած այցի արդյունքները:

«Այս համագործակցության մեջ չկա աշխարհքաղաքական որևէ օրակարգ, ինչը շատ կարևոր է: Այստեղ կա մի նրբություն, որ մենք պետք է առաջիկայում կարևոր որոշումներ կայացնենք: Խնդիրն այն է, որ մենք այսօր ԵՄ-ի հետ մի քանի մեգանախագծեր ենք քննարկել, որոնց առաջին խումբը վերաբերում է ճանապարհներին և տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Մենք նպատակ ունենք Հայաստանում ճանապարհները բերել եվրոպական ստանդարտների: Բացի դրանից, մենք Հյուսիս-Հարավի վերաբերյալ պետք է կարևոր որոշումներ կայացնենք»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Հաջորդ մեծ նախագիծը Հայաստանում ջրամբարաշինության մեծ ծրագիր իրականացնելու պլանն է. «Այս համատեքստում կարևոր է Սևանա լճի շուրջ և Հրազդան գետի երկայնքով՝ առնվազն մինչև Երևանյան լիճ, ջրերի մաքրման կայաններ ստեղծելը»:

Վարչապետը խոսեց նաև մի շարք այլ խնդիրների մասին, որոնց թվում են դպրոցաշինությունը, արդարադատության ոլորտում լուրջ ծրագրեր իրականացնելը. «Այս բոլոր ծրագրերի իրականացման գործում ստացանք Եվրամիության մեր գործընկերների աջակցության պատրաստակամությունը: Բայց այստեղ կա մի խնդիր, որ Եվրամիությունը, բնականաբար, պատրաստ լինելով աջակցել, պատրաստ չէ այդ ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել 100 տոկոսով և ակնկալում է, որ այդ ծրագրերում, բնականաբար, լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Հայաստանի Հանրապետությունը: Այս առումով մեր առաջնային խնդիրն է պետական եկամուտների ավելացումը՝ վարչարարության միջոցով և տնտեսական զարգացուների միջոցով: Բայց այս համատեքստում կարևորվում է նաև արտաքին միջոցների ներգրավումը, և կառավարության ծրագրում մենք գրել ենք, որ արտաքին միջոցների ներգրավման առաջնային թիրախ ենք համարում ենթակառուցվածքները: Այստեղ մենք պետք է քաղաքական որոշում կայացնենք, թե ինչպես ենք վերաբերվում այս հարցին, որովհետև մենք նաև որոշակի օրենսդրական սահմանափակումներ ունենք ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցության վերաբերյալ:

Ես ինքս, անկեղծ ասեմ, իմ պատգամավորական ողջ գործունեության ընթացքում առանց բացառության բոլոր վարկային համաձայնագրերին դեմ եմ քվեարկել, և դա ունեցել է շատ կոնկրետ քաղաքական հիմնավորում. ես ասել եմ, որ եթե կառավարությանը համարում եմ կոռումպացված, չեմ կարող այդ կառավարությանը վստահել որևէ միջոցի, առավել ևս վարկային միջոցի ծախսումը, և ցավոք, այս ընթացքում մեր ուսումնասիրություններն այդ քաղաքական դիրքորոշման արդարացվածությունը հիմնավորում են առնվազն մի քանի խոշոր ծրագրերի առումով:

Մենք այսօր պետք է պատասխանենք երկու հարցի՝ արդյոք կարողանո՞ւմ ենք ստեղծել համակարգային երաշխիքներ, որ ընդհանրապես պետական միջոցները և վարկային միջոցներն առավել ևս ծախսվեն նպատակային և եթե կարողանում ենք, արդյոք ո՞րն է այն պայմանը և սահմանագիծը, չափաբաժինը, որտեղ մենք կարող ենք պետական պարտքի մակարդակը պահել կառավարելի, առանց հավելյալ վտանգների, այսինքն՝ որպեսզի դա իրականում Հայաստանին բերի օգուտներ և երբեք որևէ վնաս: Մենք արդեն ունենք նախնական պայմանավորվածություն, որ մեկ ամսվա ընթացքում այս թեմայով Կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկում ենք ունենալու: Այդ քննարկման արդյունքում որևէ եզրակացության կգանք և այդ եզրակացության վերաբերյալ, իհարկե, քննարկումներ կունենանք, նաև հանրային քննարկումներ, կունենանք նաև քննարկումներ Ազգային ժողովում և այս հարցի վերաբերյալ նաև պետք է կարողանանք գալ ընդհանուր եզրակացության: Ընդհանուր ասելով նկատի ունեմ կառավարություն, Ազգային ժողով և, իհարկե, հանրություն: Ես ձեր ուշադրությունը հրավիրեցի այս խնդրի վրա՝ որպես առաջիկա ամսվա ընթացքում և գուցե դրանից հետո էլ մեր մտորումների և համատեղ քննարկումների կարևոր նյութ»:

Նույն շարքից