«Վաղուց ժամանակն է, որ ԼՂՀ-ն որպես լիիրավ կողմ մասնակցի բանակցություններին, և միջնորդ կողմերն առնվազն դա պետք է ապահովեն՝ որպես զսպող մեխանիզմ, Ադրբեջանին թույլ չտալով նման վարքագիծ դրսևորել»,- ասուլիսի ժամանակ ասաց Կիրո Մանոյանը։։
Ըստ Կիրո Մանոյանի՝ արտաքին դիվանագիտությունը փոխելու անհրաժեշտությունը հատկապես ակնհայտ է դարձել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո, երբ Ադրբեջանը հրադադարը խախտեց, և դիվերսիա իրականացրեց։
«Երբ բանակցությունների էության մասին տարբեր հաղորդումներ են տալիս կողմերը, Ադրբեջանը բանակցությունների մասին իր ցանկությունը շփոթելով իրականություն է ներկայացնում, դա արդեն հեռու է նրանից, թե նման ձևով ինչ-որ բան հնարավոր է ստանալ»,-ասաց նա։
Կիրո Մանոյանը անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, հարցրեց, թե սրանից հետո իմաստ ունի շարունակել և ինքն էլ պատասխանեց, թե պետք էր ընդամենն ասել, որ, նախատեսված հանդիպման նախօրեին Ադրբեջանի պահվածքն ընդունելի չէ, և մենք չենք մասնակցում։
Բայց հայ դիվանագետների կողմից նման քայլ ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարն այնքան էլ հավանական չի համարում։
«Չեմ կարծում, որ հայկական կողմը կմերժի գնալ, որովհետև միշտ ցանկություն կա «լավ» հասկացվելու, հատկապես՝ Արևմուտքի կողմից։ Բայց անհրաժեշտ է ցույց տալ, որ իրենց հավասարակշռված մոտեցումը մեղսակցություն է Ադրբեջանի քաղաքականությանը և դրա համար պետք է Ղարաբաղի լիիրավ մասնակցությունն ապահովեն»,- կրկնեց նա։
Կիրո Մանոյանի համոզմամբ, թեև Ադրբեջանը պատերազմ չի ուզում սկսել, բայց պատերազմի վերսկսման հավանականությունը մեծանում է այն ժամանակ, երբ շփման գծում հրադադարը խախտվում է նույն ադրբեջանական կողմից։ «Վստահ չեմ, որ Ադրբեջանը պատերազմ է ուզում սկսել, եթե նա համոզված լիներ, որ հաղթանակ կտանի, կսկսեր վաղուց, բայց հավանական է, որ նման գործողությունները կարող են պատերազմի սկսման պատճառ դառնալ։ Անհրաժեշտ է միջնորդները հստակ գնահատական տան, և չթաքնվեն կեղծ հավասարակշռության հետևում»,- ասաց նա։
Հարցին, թե Ադրբեջանի նպատակն այն չէ արդյոք, որ բանակցությունները տապալի, Կիրո Մանոյանը համաձայնվեց, բայց ընդգծեց, որ հայկական կողմի քայլերը չպետք է սահմանափակվեն բանակցություններով և պետք է նախևառաջ արտաքին քաղաքականությունն ուղղել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղված քայլերի իրականացմանը։
«Մեր դիվանագիտությունը պետք է լինի նախաձեռնողական, և Հայաստանը սկսի ուղղակի քայլեր ձեռնարկել ԼՂՀ միջազգային ճանաչման համար»,- ասաց նա։