Քաղաքական 

Երբ Արցախը վերադառնա բանակցային սեղան, Բաքվի ամբողջ քարոզչական մեքենայի մեխը քանդվելու է․ Քոչարյան

Այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, խոսելով այն մասին, թե ինչ դիրքորոշում ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասով, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, ասաց, որ նրանք լավ հասկանում են, որ դա պետք է լին կողմերի համաձայնությամբ. «Այս պարագայում խնդիրն այն է, որ Բաքվի համար դա շատ ծանր քայլ է և ամեն կերպ ադրբեջանական իշխանությունները ձգտելու են, որ դա չլինի, քանի որ այն պահից, երբ Արցախը վերադառնա բանակցային սեղան, Բաքվի ամբողջ քարոզչական մեքենայի մեխը քանդվելու է: Դրա համար դիմադրություն է լինելու, իսկ մենք պետք է հետևողական լինենք, որ դա պարտադրվի Ադրբեջանին: Անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններին չի մասնակցում հիմնական հակամարտող կողմերից մեկը»:

Ինչ վերաբերում է Յոհանես Հանի հայտարարությանը, որ ԼՂ հարցի կարգավորման ֆորմատում պետք է փոփոխություններ չլինեն, Քոչարյանն ասաց, որ ֆորմատ ասվածը տարբեր ձևերով կարելի է հասկանալ. «Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցությունը ֆորմատի փոփոխություն չէ: Առայսօր նախագահները միշտ հաշվի են նստել Ստեփանակերտի հետ, եղել են այցեր: Խոսքը նրա մասին է, որ դա լինի ոչ թե անուղղակի, միջնորդված, այլ՝ լիարժեք մասնակցություն»:

Նույն շարքից