Քաղաքական 

Կա մեկ փաստաթուղթ, որ երկու կողմերն ընդունել են որպես հիմք բանակցությունների համար, իսկ Արցախը՝ ոչ. ՀՀ ԱԳՆ

Այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսումից հետո դրանք արդյո՞ք լինելու են Մադրիդյան սկզբունքների հիման վրա, թե՞ Հայաստանը կարող է հրաժարվել դրանից, ասաց, որ մինչ առ այսօր գոյություն ունի միայն մեկ փաստաթուղթ, որը երեք կողմերից երկուսն ընդունել են որպես հիմք բանակցությունների համար՝ Մադրիդյան սկզբունքները, այլ փաստաթուղթ չկա, որն առնվազն երկու կողմերն ընդունած կլինեն. «Իսկ թե ինչը կլինի վերսկսվող բանակցությունների հիմքը, այս պահին դժվարանում եմ ասել: Ես միայն կարող եմ արձանագրել, որ այս պահին երկու կողմերը Մադրիդյան սկզբունքները որպես հիմք են ընդունել բանակցությունների համար, իսկ Արցախը՝ ոչ»:

Հարցին, թե որ դեպքում Հայաստանը կհրաժարվի Մադրիդյան սկզբունքներից, Քոչարյանը պատասխանեց․ «Մենք խոսում ենք բանակցային գործընթացի մասին: Նորից եմ կրկնում, որ Մադրիդյան սկզբունքները չեն ընդունվել, չեն հաստատվել, դրանք հիմք են ընդունվել երկու կողմից բանակցությունների համար: Մադրիդը մեր երազանքը չէ, այն չէ, ինչ մենք ցանկանում ենք: Այն միջնորդների փորձն է մերձեցնել կողմերի իրարամերժ դիրքորոշումները»:

Նույն շարքից