Հայտարարությունը ձևական չէ, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը քայլեր չի կատարել: Այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ խոսելով երկու կողմերի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու վերաբերյալ հայտարարության մասին. «Նույնը վերաբերում է նաև Մադրիդյան սկզբունքներին: Խոսում են հետաձգված հանրաքվեի մասին, սակայն անհասկանալի է, թե ինչու պետք է հետաձգված հանրաքվե լինի, եթե մարդիկ իրականացրել են իրենց իրավունքը՝ լիովին համապատասխան միջազգային իրավունքին և այն ժամանակ գործող Խորհրդային Միության օրենքներին: Խոսքը վերաբերում է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին: Միջնորդներն ասում էին, որ Բաքուն չի կարող դրան միանգամից գնալ, չի կարող ինքն իրեն խարակիրի անի, պետք է նախապատրաստի հասարակությունն այն մտքին, որ Ղարաբաղն Ադրբեջանի համար կորած է: Իսկ մենք չենք կարող ֆիքսել մի հայտարարություն, որ նրանք ժողովրդին պատրաստում են խաղաղության, հակառակը՝ ձողը բարձրացնում են և ավելին՝ խոսում են Զանգեզուրի ու Երևանի մասին, թե ադրբեջանական հողեր են»:
Քոչարյանի խոսքերով, նոր բան չէ, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները. «Դա վերաբերում է ավելի գլոբալ հարցերին: 1994 թվականին ստորագրված եռակողմ համաձայնագիրը պահանջում է ռազմական գործողությունների և կրակի դադարեցում, իսկ 2016 թվականի ապրիլը ցույց տվեց, թե ինչպես է Ադրբեջանը կատարում իր միջազգային պարտավորությունը»:
Քոչարյանի խոսքով, երբևիցե նույնիսկ միջնորդների մտքով չի անցել, որ եթե բանակցությունները մտնեն արդյունավետ բանակցային փուլ, դա հնարավոր է անել առանց Արցախի. «Խնդիրն այն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ արդյունավետ բանակցությունների դրա համար դիմադրում է դրան: Բոլորի համար ակնհայտ է՝ եթե խոսքը վերաբերի բուն բանակցություններին, Հայաստանը չի կարող Արցախի փոխարեն խոսել: Քանի դեռ Արցախը չկա բանակցություններում, բանակցությունների գործընթացում որևէ տեղաշարժ չի կարող լինել: Հայկական կողմն ուզում է, որ տեղաշարժ լինի, դրա համար ուզում է, որ Արցախը լինի բանակցությունների սեղանի շուրջ»,-ասաց Քոչարյանը: