Հասարակություն 

Զանգակատուն համայնքի դպրոցի տնօրենը հերքում է իր հրաժարականը պահանջող ծնողների մեղադրանքները

Զանգակատուն համայնքում դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակը դեռ լուծում չի ստանում: Եթե կան մի խումբ ծնողներ, ովքեր պահանջում են տնօրեն Թամարա Հովհաննիսյանի հրաժարականը՝ իրենց նպատակին հասնելու համար դիմելով նաև դասադուլների, կան նաև ծնողներ, որոնք դժգոհ չեն վերջինիս աշխատանքից:

Ստեղծված իրավիճակի մասին ուշադրության կենտրոնում հայտնված դպրոցի տնօրեն տիկին Հովհաննիսյանն Analitik.am-ի հետ զրույցում ասաց, որ դասերը բնականոն հունով ընթանում են, երբևէ չեն դադարել, աշակերտների մեծ մասը ներկա են դասերին, իսկ բացակա են մեծ մասամբ դասադուլ կազմակերպողների երեխաները, որոնք թույլ չեն տալիս իրենց երեխաներին դպրոց հաճախել։

Ըստ Հովհաննիսյանի, դասադուլ կազմակերպող ծնողները դա անում են նեղ անձնական շահերից դրդված։

Ինչ վերաբերում է բողոքող ծնողների այն պնդումներին, թե ինքն Արարատի մարզպետարանի Կրթության վարչության պետ Ալբերտ Մկրտչյանի հովանավորյալն է, տնօրենն ասաց, որ նման բան չկա:

Հիշեցնենք, որ տնօրենի հրաժարականը պահանջող ծնողները նաև ստորագրահավաք են անցկացրել և համապատասխան փաստաթուղթն ուղարկել մարզպետարան: Այս մասով տնօրենը նշեց, որ ստորագրահավաք են իրականացրել նաև նրանք, ովքեր չեն ցանկանում իր հրաժարականը, ու վերջիններիս թիվը գերազանցում է հրաժական պահանջողների թվին:

Ստուգումների հետ կապված էլ տիկին Հովհաննիսյանն ասաց, որ եղել է բողոք, դրա հիման վրա էլ սեպտեմբերից իրականացվել են ստուգումներ, այն տևել է ամիսներ, սակայն խախտումներ չեն արձանագրվել, միայն թերություններ, որոնք շտկվել են։

Դպրոցի ուսուցչուհի Մարինե Գրիգորյանը նույնպես նշեց, որ տնօրենի գործունեության մեջ որևէ խնդիր չի տեսնում, «Թե ինչ են ուզում, չգիտեմ, ստորագրահավաք կազմակերպեցին, սակայն եռակի քառակի անգամ շատ էր ձայնը նրանց, ովքեր կողմ էին տիկին Հովհաննիսյանի պաշտոնավարմանը»։

Նա նույնպես նշեց ստուգումների մասին՝ հավելելով, որ որևէ արտառոց բան չեն արձանագրել։

Զրուցեցինք նաև համայնքի բնակիչ, դպրոցականի հայր Արկադի Մկրտչյանի հետ, ով դեմ է ստեղծված իրավիճակին, քանի որ այս ամենը բացասական է ազդում երեխաների բարոյահոգեբանական վիճակի վրա, իսկ տնօրենի հրաժարականի պահանջը նա կապում է ինչ-որ նեղ շահերի հետ, թե ինչ է փոխվել, ինքը չի հասկանում, դա կապում է հեղափոխության հետ․ «Մարդկանց մեջ կա այն միտքը, որ պետք է ամեն ինչ փոխվի, ես կողմ եմ դրան, սակայն այն դեպքում երբ առկա է հիմք, որն այս դեպքում չկա։ Ես չեմ տեսնում տիկին Հովհաննիսյանից այն կողմ մի մարդու, ով կարող է ավելի լավ իրականացնել տնօրենի գործառույթները։ Ես գտնում եմ, որ պետք չէ անձնական շահերը բերել դպրոց»։

Իսկ Արարատի մարզպետարանի և մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն ավարտվեցին անհաջողությամբ:

Նույն շարքից