Հասարակություն 

Այն վարորդները, ովքեր չեն ուզում աշխատել նոր կանոններով, թող դիմում գրեն. Երևանի փոխքաղաքապետ

Քաղաքապետարանի կողմից տեսախցիկները հանելու մասին հանձնարարական չի եղել, իսկ եթե հանվել են դրանք, կվերադառնան իրենց տեղը: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ քաղաքապետի խոսնակը հայտնել էր, որ ծառայության որակը բարելավելու՝ ուղեւորների անվտանգության, ուղեւորահոսքերի կառավարման նպատակով քաղաքապետարանին պատկանող ընկերության ավտոբուսներից երկուսում տեղադրվել են տեսախցիկներ։ Ըստ արդյունքների, այդ պրակտիկան կկիրառվի նաեւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի մնացած շարժակազմերում։

Տեսախցիկների պատճառով այսօր երթուղայինների վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում՝ նշելով, որ դրանք խանգարում են իրենց աշխատանքին:

Լրագրողների հետ հանդիպմանը փոխքաղաքապետ Սարգսյանը նշեց, որ տեսախցիկները տեղադրված են վարորդների գլխավերևում և անհասկանալի է, թե ինչպես դրանք կարող են խանգարել. «Այն վարորդները, ովքեր չեն ցանկանում աշխատել նոր կանոններով, խնդրում եմ իրենց կամքով դիմում ներկայացնեն: Երբ ունենանք պատկերը, թե որքան մարդ է ցանկանում դուրս գալ, կհայտարարենք ազատ տեղերի մասին և շատ արագ կհամալրենք դրանք: Իսկ տեսախցիկները դրվում են անվտանգության համար, նրանց համար, ովքեր իրական շոշափելի փոփոխություններ են ուզում»:

Նույն շարքից