Աշխարհաքաղաքական ներկայիս բարդ իրադրությունում հզոր զինված ուժերի առկայությունը ազգային անվտանգության ապահովման առաջնահերթությունն է եւ մեր պետության գլխավոր խնդիրը:
Այս մասին հունվարի 27-ին հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` ելույթ ունենալով ՊՆ-ում ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում:
«Հայկական բանակը ձեւավորվել է 22 տարի առաջ` հայկական ժողովրդին պարտադրված պատերազմի ընթացքում, եւ իր գոյության հենց առաջին իսկ օրվանից լավագույն որակներ է դրսեւորել: Հետեւողական զարգացումը, զինված ուժերի մարտական բարձր հնարավորությունները, ժամանակակից սպառնալիքներին եւ վտանգներին դիմակայելուն ուղղված դինամիկ գործընթացը պահանջում են զինված ուժերի մշտական արդիականացում», - նշել է Արթուր Բաղդասարյանը: Նա հավելել է, որ անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել միջազգային անդամակցության եւ միջազգային անվտանգության համակարգերի հետ համագործակցության հնարավորությունները եւ հիմնվել դաշնակից եւ գործընկեր երկրների աջակցության վրա:
Հայաստանի զինված ուժերի ձեւավորման 22-ամյա տարեդարձի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Անվտանգության խորհրդի կողմից արժանացել է գերատեսչական պարգեւի: Անվտանգության խորհրդի կողմից պատվոգրեր են ստացել նաեւ պաշտպանության նախարարության մի շարք աշխատակիցներ, այդ թվում նաեւ` գնդապետ Ժիրայր Ամիրխանյանը, գնդապետ Արթուր Ալեքսանյանը, առաջին դասի խորհրդական Անդրանիկ Ղամբարյանը, գնդապետ Գրիգոր Զարմանյանը, փոխգնդապետ Հակոբ Աբրահամյանը: