Սկսենք Մաշադյան ազգանունով երիտասարդի նշանակումից, որին ես երբևէ չեմ տեսել: Հանրային եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, արձագանքելով այն խոսակցություններին, թե ինքը միջամտում է պետական պաշտոնյաների նշանակումներին. «Ես ու ամուսինս ծանոթացել ենք 1995 թվականին, ամուսնացել 1997-ին: 21 տարվա մեր համատեղ կյանքի ընթացքում որևէ վայրում իմ ամուսինը և Մաշադյան Ռաֆիկը (ՊԵԿ նախագահի տեղակալ) որևէ վայրում միասին չեն եղել: Իմ ամուսինը չի իմացել, որ մեր միջև բարեկամական կապ կա մինչև նշանակումը: Նշանակումից հետո ինձ հարցրել է, ես հաստատել եմ»:
Տիկին Հակոբյանի խոսքերով, ինքն իրեն վիրավորված է զգում նույնիսկ դրանից, որ իր անձի հետ նման հարց է ձևակերպվում, թե ինքը միջամտում է նշանակումներին. «Դա ինձ վիրավորում է»:
Անդրադառնալով իր պատգամավոր եղբորը՝ Հրաչյա Հակոբյանին՝ վարչապետի կինը նշեց, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին վերջինս, ի զարմանս իրեն, հավաքել է բավականին թվով ձայներ. «Այս ընտրություններում, երբ համամասնականով պետք է ընտրությունները լինեին, ամուսինս ասել էր, որ ոչ Հրաչը, ոչ Սիփանը (Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին) չեն կարող լինել համամասնական ցուցակում: Եթե փոխվեր ու համամասնական լիներ, նրանք խորհրդարանում չէին լինի: Սակայն եղավ այն ինչ եղավ, ՀՀԿ-ն տապալեց, ընտրությունները եղան գործող ընտրակարգով, որից հետո ՔՊ-ում որոշում է կայացվել՝ նախորդ ընտրություններին ռեյտինգայինով մասնակցածները պետք է հնարավորություն ունենան նորից մասնակցելու: Ինչ վերաբերում է Սոֆյա Նավասարդյանին (Փաշինյանի «վարսավիր օգնականը»), ապա ես նրան հեղափոխությունից առաջ չեմ ճանաչել: Նա իր աջակցությունն ու օգնությունն առաջարկել է վարչապետին, ով նման օգնության կարիք էր ունենալու: Ես էլ նման օգնության կարիք էի ունենալու: Առաջին իսկ այցի դեպքում, եթե ինձ մնար, թե ես ինչպես պետք է հագնվեի, ինչպես գնայի, այլ պատմություն կլիներ, խայտառակ պատմություն կլիներ և հայ հանրությունը ինձ չէր նարի դրա համար: Ես Սոֆյային ճանաչել եմ հեղափոխությունից հետո, հիմա աշխատում ենք իրար հետ: Եթե մասնագետն ինձ չուղեկցի այցերի ընացքում, սխալ կլինի: Առանց այդ էլ մեծ թեմա է, թե ես ինչ եմ հագնվում»: