Հանրային եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետի կինը հույս հայտնեց, որ իր ամուսնու արտասահմանյան այցերի ժամանակ, երբ ինքը չի ուղեկցում վերջինիս, նրա սենյակում տեղը, որտեղ ինքը պետք է գիշերի, դատարկ է լինում: Հաղորդավարի կատակով հարցին, թե կան արդյո՞ք այդ մասով կասկածներ, տիկին Հակոբյանը ծիծաղելով բացասական պատասխան տվեց. «Իհարկե յուրաքանչյուր կին միշտ նման կասկածներ ունենում է, նաև խանդում է, բայց ես հույս ունեմ, որ չկա»:
Վարչապետի կինը խոսեց նաև այն հայտարարությունների մասին, թե իր ամուսնու դիրքն օգտագործում է իր կողմից ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամի համար գումարներ հավաքագրելու համար. «Սկսենք պարգևավճարներից: երբ ինձ ասուլիսի ժամանակ հարցրեցին Ինեսա Գաբայանի մասին, ես նույնիսկ տեղյակ չէի, թե ինչ պաշտոն նա ունի: Հիմա արդեն ճշտել եմ, նա փոխանցել է իր պարգևավճարը հիմնադրամին: Դրանից հետո նա պաշտոնանկ է արվել: Այսինքն այն խոսակցությունները, թե պաշտոնավորումը կապ ունի հիմնադրամին գումար փոխանցելու հետ, հիմք չունեն»:
Հակոբյանը հաստատեց այն տեղեկությունները, որ ինքը հանդիպել է խոշոր հարկատուների հետ. «Այդ հանդիպմանը հրավիրված է եղել 38 ընկերության ներկայացուցիչ, մասնակցել են 29-ը, 11-ը համաձայնել են մեր առաջարկածին, 3-ը մերժել են, 15-ը դեռ չեն պատասխանել: Ես առաջարկում էի Հայաստանում ստեղծել դասական ակադեմիական երաժշտության բարեկամների խումբ և իրենք լինեն այդ խմբում, ինչը տարեկան որոշակի ֆինանսավորում է ենթադրում: Նրանց անուններն այդ դեպքում լինելու էին ֆիլհարմոնիկի պատին: Դա քննարկում էր, վերջնական պատախսան չկար: Այն միջազգային պրակտիկա է, որ մեծահարուստները պատիվ են համարում մեկենասներ լինելը: Ես շարունակելու եմ այս աշխատանքը: Նրանց մասով օլիգարխ տերմինն այնքան էլ տեղին չէ, նրանք խոշոր հարկատուներ են»:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=htxJH9-51U8