Ուկրաինայի Լվով քաղաքում «Ուկրաինայի ազգային գվարդիա» միավորում են ստեղծել: Նախաձեռնող խմբի անդամ Սվյատոսլավ Յավորիվսկու խոսքով` դրանում ընդգրկվել են օրինական զենք ունեցող անձինք, որոնք կզբաղվեն քաղաքացիների պաշտպանությամբ, հայտնում է censor.net-ը` վկայակոչելով «Վգոլոս»-ը:
«Մենք ծայրահեղական չենք, ոչ ոքի չենք սպառնում, սակայն արժանի պատասխան կտանք բռնությանն ու ապօրինությանը», - հայտարարել է Յավորովսկին:
Լվովում ընդդիմության կողմնակիցները գրավել էին մարզպետարանի շենքը եւ հայտարարել «ժողովրդական ռադա» ստեղծելու մասին:
Ավելի վաղ ժողովրդական պատգամավոր Անատոլի Գրիցենկոն գրանցված զենք ունեցողներին կոչ էր արել դուրս գալ Մայդանը պաշտպանելու: Նա նույնիսկ կանոններ էր սահմանել. արգելել էր գլխին եւ մարմնի վերին հատվածին կրակելը: Նախկին նախարարն ընդգծել էր, որ «եթե հանցագործները գնան մայդանը ոչնչացնելու եւ մարդկանց սպանելու », ապա ինքն անձամբ դուրս կգա մարդկանց պաշտպանելու եւ առաջինը կկրակի: