Մարտի 8-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը և Հյաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Վիրավորը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, իսկ ոստիկաններն ու քննիչներն էլ արդեն ունեն օպերատիվ տեղեկություններ, թե որտեղ է տեղի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարությունը։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: