Հասարակություն գլխավոր 

Սահմանները գծվել են արյունով, պետք է պահել քրտինքով, իսկ լարվածություն միշտ լինելու է. Թևան Պողոսյան

Արցախյան հարցում ամենակարևոր շեշտադրումն այն է, որ մենք պետք է մի բան գիտակցենք՝ պատերազմը դեռ չի ավարտվել, Ադրբեջանը նույնն է, իր վարած քաղաքականությունը նույնն է: Այո, պետք է օգտագործենք բոլոր եղած հնարավորությունները՝ դիվանագիտական, բանակցային և այլն, բայց հարցը լուծվելու է իրական հողի վրա, իսկ իրական հողի վրա, ինչպես ասել էր Վազգեն Սարգսյանը, այս երկրի սահմանները գծվել են արյունով, պետք է պահվեն քրտինքով: Այդ իրական հողի վրա պետք է քրտինք թափենք, որպեսզի պահենք մեր սահմանները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահի խորհրդական, քաղաքագետ Թևան Պողոսյանը:

Խոսելով այն դիտարկումների մասին, թե հիմա չկա սահմանային լարվածություն՝ Պողոսյանն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչն է համարվում սահմանային լարվածություն. «Ժամանակ է եղել, սահմանները չեն եղել այնպիսին, ինչպիսին այսօր՝ նորմալ խրամատներ, ինժեներական հագեցվածություն և այլն, ու էլի լարվածություն չի եղել: Սահմանների վրա մենք սկսեցինք խորանալ, երբ իրավիճակ փոխվեց: Մենք ունեցել ենք ժամանակներ, երբ կողմերից կարող էին գոռալ ու ասել, որ չկրակեն, քանի որ տղաներից մեկի ծնունդն է եղել: Ընդհանրապես լարվածության մասով գնահատական կարելի կլինի տալ, երբ լավ ուսումնասիրվի 1994 թվականից հետո եղած իրավիճակը: Կարող են չկրակել, սակայն լարվածությունը լինելու է: Իսկ սպասելը, տեսնել, որ դիմացինն ավելի շատ շինարարական աշխատանք է կատարում, ամեն օր հնչող հայտարարությունները, թե գալու են Երևանը գրավեն, դա լարվածությո՞ւն է, թե՝ ոչ: Պատերազմը չի ավարտվել: Մեր մտածելակերպը չի կարող փոխվել կրակոցների թվի հետ: Պետք է գիտակցենք, որ մեր դիմաց կանգնած է նույն Ադրբեջանը, ում մտածելակերպն ու գործողությունները չեն փոխվել: Ես ուրախ եմ, որ ՀՀ իշխանությունները կոնկրետ պարտավորություններ են ստանձնել ու կատարում եմ: Մենք ինքներս պետք է գիտակցենք, որ այս հարցը սերունդների խնդիր է, ճանապարհը երկար պետք է անցնել»:

 

Նույն շարքից