Հասարակություն 

Մենք նաև տրանս կանայք ենք, լեզբի և բիսեքսուալ կանայք ենք. «ՔՊ» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ

analitik.am

Հեղափոխությունից հետո միայն դեկլարատիվ որոշումներ կայացնելու և լավ խոսքեր ասելու դարն ավարտված է, մենք արդեն կարող ենք գործը սկսել, որպեսզի կանանց վիճակը Հայաստանում լավանա: Այսօր՝ մարտի 8-ին ԱԺ-ում «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» միջոցառման ժամանակ հայտարարեց «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը:

«Առաջին խնդիրը, որին կուզենայի անդրադառնալ, որի մասին պետք է բոլորս մտածենք, բռնությունն է կանանց նկատմամբ, որը կա: Այս խնդիրը տարիներով կանանց կազմակերպությունները և կոալիցիաները  բարձրացրել են: Անցած տարի ԱԺ-ում մի խայտառակ օրենք ընդունվեց, որը բավար չէ և ընտանեկան բռնության հետ կապված հարցերը չի լուծում: Հիմա մենք շտապ խնդրի առաջ ենք, կանայք ընտանեկան բռնության պատճառով մահանում են: Շատ անգամ մահանում են երեխաների աչքի առաջ: Բոլորս պետք է շատ շտապ ձևով այս հարցը կարգավորենք՝ քրեականացնելով ընտանեկան բռնությունը, հանելով անպատժելիության մթնոլորտը»,-ասաց Ահարոնյանը՝ նշելով, որ անընդհատ մեղքը դրվում է կանանց վրա:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամը խոսեց նաև կանանց սեռական կողմնորոշման մասին. «Շատ անգամ, երբ  մենք խոսում ենք կնոջ մասին, տեսնում ենք մի տեսակ կին, հայ կին, մայր, քույր ու վերջ: Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք նաև միայնակ մայրեր ենք, բանակում երեխա կորցրած մայրեր ենք, նաև մայր դառնալ չուզեցողներն ենք, տարեցներն ենք, նաև տրանս կանայք ենք, նաև լեզբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա ունենալ, սահմանամերձ գյուղերում ապրող կանայք ենք և այլն: Երբ օրենքներ եք մշակում, պետք է ուշադիր լինեք, որ մի կերպարի կանայք միայն չօգտվեն դրանից: Այս բոլոր կանայք պետք է ձեր ուշադրության կենտրոնում լինեն»:

Նույն շարքից