Քաղաքական 

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Շվեդիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման համար

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի հայանպաստ գործունեությունն ինչպես Շվեդիայում, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում, այդ թվում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

Արարատ Միրզոյանը կարևորել է Շվեդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը` նշելով, որ վերջին տարիներին հարաբերությունների զարգացման դրական դինամիկա է նկատվում, այդ թվում` միջխորհրդարանական կապերի խորացման առումով: Այս համատեքստում ԱԺ նախագահը նշել է, որ ձևավորման փուլում է Հայաստան-Շվեդիա բարեկամական խումբը:

Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին` Արարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների կողմից փաստաթղթի հնարավորինս արագ վավերացումը: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Արևելյան գործընկերության 10-ամյակին ընդառաջ Շվեդիայում համաձայնագրի վավերացման ներպետական գործընթացը շոշափելի հանգրվանի կհասնի: Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակն այս առթիվ նշել է, որ վավերացման գործընթացն իրականացվում է իր երկրի ներքին ընթացակարգերին համապատասխան և հավաստիացրել, որ խորհրդարանի կողմից վավերացումը չի ուշանա:

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Շվեդիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ունեցած դիրքորոշման համար:

Օրենսդիր մարմնի ղեկավարն իր խոսքում բարձր է գնահատել Շվեդիայի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններից առաջ «Հայաստանի ընտրական գործընթացներին աջակցություն» ծրագրին:

Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն Արարատ Միրզոյանին է փոխանցել Շվեդիայի խորհրդարանի նախագահի՝ Շվեդիա այցի պաշտոնական հրավերը:

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը ևս կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը, ներկայացրել իր երկրի խորհրդարանում իրականացված հայանպաստ միջոցառումները:

Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ողջունել է 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները և իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ հայ ժողովուրդը խաղաղ ձևով կարողացավ դրական փոփոխություններ իրականացնել:

Արարատ Միրզոյանը Լոտտա Յոնսոն Ֆորնարվեին հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով:

Նույն շարքից