Հասարակություն 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ․ Մեդիամաքս

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հայտարարություն են տարածել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպմանն ընդառաջ:

«Համանախագահները՝ սերտորեն աշխատելով երկու արտաքին գործերի նախարարների հետ, նախապատրաստում են առաջնորդների այդ կարևոր հանդիպումը, որը կլինի նրանց առաջին ուղիղ շփումը՝ համանախագահների հովանու ներքո», - ասված է հայտարարության մեջ:

«Համանախագահները ընդգծում են արդյունավետ քննարկումներին նպաստող միջավայրի պահպանության կարևորությունը և շարունակում են դրական գնահատել զոհերի բացակայությունը ռազմաճակատներում: Համանախագահները նաև ողջունում են բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար ձեռնարկվող նախնական քայլերը և կողմերին խրախուսում են ակտիվացնել նման ջանքերը: Համանախագահները միաժամանակ վերահաստատում են լարվածության թուլացման և ռազմատենչ հռետորաբանության նվազեցման կարևորությունը: Համանախագահները, մասնավորապես, կողմերին կոչ են անուն ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք առաջարկում են էապես փոխել իրավիճակը տեղում, նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության, ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն են պարունակում:

Անդրադառնալով վերջին շրջանում Մինսկի խմբի գործընթացի բովանդակության մասին հակասական հանրային հայտարարություններին, համանախագահները վերահաստատում են, որ արդար և տևական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, մասնավորապես, ներառելով ուժի չգործածումը, տարածքային ամբողջականությունը և հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը:

Այն պետք է նաև ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների ղեկավարների կողմից, ներառյալ.

Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը՝

անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումը՝ իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքը իրենց բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողություն:

Համանախագահները շեշտում են իրենց կարծիքն այն մասին, որ այս սկզբունքները և տարրերը պետք է հանդիսանան հակամարտության ցանկացած արդար և տևական կարգավորման հիմքը և պետք է ընկալվեն որպես միասնություն: Որոշ սկզբունքներ կամ տարրեր գերակա ճանաչելու ցանկացած փորձ անհնարին է դարձնելու հավասարակշռված լուծումը», - ասել են միջնորդները:

Նրանք նաև հայտնել են, որ «համանախագահների հովանու ներքո Բաքվի և Երևանի շարունակական և ուղիղ երկխոսությունը շարունակում է վստահության ամրապնդման և խաղաղ գործընթացն առաջ տանելու կարևոր տարր մնալ»:

«Համանախագահները նաև կշարունակեն քննարկել համապատասխան հարցերը հակամարտության ուղղակի ազդեցությունը կրող հետաքրքրված կողմերի հետ՝ ճանաչելով, որ նրանց տեսակետները և մտահոգությունները պետք է հաշվի առնվեն՝ ցանկացած բանակցային լուծման հաջողության համար», - ասված է հայտարարության մեջ:

Մեդիամաքս

 

Նույն շարքից