2019թ մարտի 5-ին պատիվ ունեցա մասնակցելու մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններից մեկի՝ «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի մեկնարկին:
2018թ գարնանային իրադարձություններից հետո Հայաստանում դատաիրավական համակարգը թևակոխել է բարեփոխումների նոր շրջափուլ: Հեղափոխությունից հետո վերացվեց դատավորների որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու արատավոր պրակտիկան՝ այդպիսով բացառելով իշխանական կամ որևէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը:
Այնումենայնիվ, Հայաստանի դատական իշխանության լիարժեք կայացման համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ և համընդգրկուն բարեփոխումներ, որտեղ կապահովվի արդարության զգացումը և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, կերաշխավորվի դատավորների ներքին և արտաքին անկախությունը, դատական իշխանության թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Այդպիսի բարեփոխումների իրականացմանն ուղղված հայեցակարգն այժմ լրամշակվում է Արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից:
Խոսքը վերաբերում է 2019-2024թ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի նախագծին, որը ներառելու է միջոցառումներ դատարանների մատչելիության և արդյունավետության ապահովման ուղղությամբ՝ նորարարական լուծումների միջոցով արդարադատության համակարգի նպատակների իրացմանը նպաստելու համար:
Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետներն արդեն իսկ գնահատել են Դատաիրավական բարեփոխումների ծրագրի նախագիծը` վերլուծելով Ռազմավարության հիմնական նպատակները, թիրախները, գործողությունների իրականացման ժամանակահատվածը, ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև Գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների համապատասխանությունը Եվրոպական միության Գնահատողական խմբի կողմից ներկայացված առաջարկություններին:
Մեծապես կարևորելով մեր գործընկերների կողմից իրականացված աշխատանքը՝ վստահ եմ, որ ներկայացված փաստաթղթում տեղ գտած առաջարկությունները կամրագրվեն Հայաստանի 2019-2024թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրում:
Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը, լինելով մեր երկրում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցող կարևորագույն գործընկերներից մեկը, շարունակում է իր օժանդակությունը ցուցաբերել դատական և իրավական բարեփոխումների իրագործմանը:
Վստահ եմ, որ ծրագիրը կնպաստի Հայաստանում դատարանների անկախության, թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդմանը, դատարանների ու արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը և դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։