Եթե փողոցում քայլող ամեն երկրորդ կնոջ ձեռքին կա առնվազն մեկ ծաղկեփունջ, իսկ դեմքին` ժպիտ, ուրեմն կանանց միամսյակն արդեն մեկնարկված է: Արդեն 42 տարի է, ինչ մարտի 8 նշվում է որպես Կանանց միջազգային օր: ՄԱԿ-ի կազմակերպած բոլոր միջոցառումները նվիրված են կանանց իրավունքների պաշտպանությանը: Հայաստանում Կանանց միջազգային օրն անտարբեր չթողեց նաև «Հպարտ» երիտասարդներին: «Հպարտ» շարժման կողմից կազմակերպած միջոցառումը մարտի 8-ին Հյուսիսային պողոտայում կենտրոնացրեց դեռահասներից մինչև «միշտ երիտասարդ» մարդկանց : Շարժման կազմակերպիչները մեզ տեղեկացրեցին, որ սա շարժման կազմակերպած երկրորդ միջոցառումն էր: Առաջինը եղել է Սուրբ Սարգսի տոնը, որից անմիջապես հետո թիմի կողմից առաջարկ եղավ կազմակերպել մարտի 8-ին նվիրված միջոցառում:
«Կազմակերպչական թիմն անմիջապես ձեռնամուխ եղավ այս միջոցառման կազմակերպմանը և միասին ստացանք այն, ինչ ստացանք`բարձր տրամադրություն, լի ժպիտներ և մարդկային ջերմ դեմքեր »,- նշեց «Հպարտ» երիտասարդական շարժման ղեկավար և կազմակերպիչ Գուրգեն Սարգսյանը :
Միջոցառման ընթացքում հայտարարվեց լուսանկարների մրցույթ, մասնակիցների համատեղ ջանքերով հնարավոր եղավ շատրվանը շրջապատել հսկայական մարդ-ծաղկաթերթ 8-ով:









