Քաղաքականություն 

ԵՄ հիմնադրամը կշարունակի Հայաստանի ժողովրդավարական հասարակության ֆինանսավորումը. «Ազատություն»

analitik.am

2013-ի հուլիսին ԵՄ կողմից ստեղծված Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը պատրաստ է շարունակել Հայաստանի ժողովրդավարական հասարակության ֆինանսավորումը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հիմնադրամի նախագահ Եժի Պոմյանովսկին:

«Հայաստանը եղել է եւ մնում է այն երկիրը, որը մենք կարեւորում ենք: Թեեւ մենք հասկանում ենք, որ իրավիճակը հիմա բարդ է, Եվրամիության հետ հարաբերությունները դանդաղում են, Ասոցացման համաձայնագիր չկա, Արեւելյան հարեւանության ծրագրերին Հայաստանի մասնակցությունը գնալով նվազելու է, այդուամենայնիվ, մենք դեռ հավատում ենք, որ կա Հայաստանի հասարակության մի մեծ խումբ, որի համար եվրոպական արժեքներն ու Եվրոպայի հետ ինտեգրացիան մնում է ռազմավարական եւ պատմական ընտրություն», - նշել է Պոմյանովսկին:

«Տեսնելով, թե ինչ է այսօր կատարվում Կիեւում կամ Կահիրեում, մենք հասկանում ենք, որ ֆոնդը հիմնելու դրդապատճառները դեռ ուժի մեջ են, եւ մարդիկ կարիքն ունեն մի ճկուն եւ պակաս բյուրոկրատական քաշքշուկներով կազմակերպության, որը կօգնի մարդու իրավունքների, քաղաքական ազատության եւ ակտիվիզմի հարցերում», - ասել է հիմնադրամի նախագահը:

Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են Հայաստանում աջակցել նրանց, ովքեր կարծում են, որ եվրոպական արժեքներն ու Եվրոպան Հայաստանի համար ճիշտ տարբերակ են: «Բայդ մենք համոզված ենք, որ փոփոխությունը եւ պատմական ընտրությունը դրսից չպետք է ներդրվեն Հայաստանում, այլ պետք է ծնվեն ներսում` հենց հայերի կողմից: Բայց միաժամանակ, երբ դա ներսում ծնվի, կստանա նրանց աջակցությունը, ովքեր նույն արժեհամակարգն ունեն»,-ասել է Պոմյանովսկին՝ հավելելով, որ Հայաստանն իր եվրոպական ընտրությունը պետք է ապացուցի. «Եթե հասարակության մեծամասնությունը ուրախ չէ իշխանությունների որոշումից, այն պետք է ժողովրդավարական ճանապարհներով փոխի իր առաջնորդներին նորերի հետ, որոնք կկիսեն իր արժեքները: Արդյո՞ք սա Հայաստանի դեպքն է: Ես չգիտեմ, մենք կհետեւենք առաջիկա ընտրություններին, եւ այն մարդիկ, ովքեր երազում են Հայաստանի եվրոպական ապագայի մասին, պետք է բարձրացնեն իրենց ձայնն ու լսելի դարձնեն այն», - հայտարարել է Եժի Պոմյանովսկին:

Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է ժողովրդավարության համար պայքարողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:  Հարավային եւ Արեւելյան հարեւանության 15 երկրներում ժողովրդավարական նկրտումներ ունեցող ՀԿ-ներ, ակտիվիստական խմբեր, անհատներ, լրագրողներ կարող են դիմել այս հիմնադրամին` ԵՄ կողմից առանց եվրոպական բյուրոկրատիայի ֆինանսական աջակցություն ստանալու համար:

Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի բյուջեն 26 միլիոն եվրո է: Դիմորդները կարող են աջակցություն ստանալ 80-200 հազար եվրոյի շրջանակներում:

Նույն շարքից