Գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները և գազավորված ըմպելիքներ արտադրողները շարունակում են իրենց բողոքի ակցիան իրականացնել կառավարության մոտ:։
Ակցիայի մասնակիցները բողոքում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դեմ։
Նշենք, որ նախագծով գործադիրը ցանկանում է ավելացնել գրավատների ու փոխանակման կետերի տարեկան պետական տուրքը։
Գրավատների մասով պետտուրքը գործող 100 000 դրամի փոխարեն լինելու է 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի մասով՝ 50 000-ի փոխարեն 3 միլիոն դրամ։
Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ։ Նրանցից մեկի խոսքերով, այս քայլով կառավարությունը ցանկանում է մոնոպոլիզացնել շուկան, Ջանջուղազյանը ցանկանում է փոքր և միջին բիզնեսը վերանա․ «Ջանջուղազյանը ֆինանսիստ է, բյուջեի ճեղքն է ուզում լցնել, սակայն դրա համար չի կարելի ոչնչացնել տնտեսությունը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Քաղաքացիները նշում են, որ ակցիաներն ու պիկետները շարունակվելու են։ Նրանք ցանկանում են հանդիպել կառավարության անդամների հետ, որպեսզի հասկանան, թե ինչպես կարելի է լուծել հարցը։