Քաղաքականություն 

Նախագահը հետմահու պարգևատրեց սահմանին զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին

analitik.am

ՀՀ նախագահի հրամանագրով այսօր Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ պարգևատրվեցին մի շարք զինվորականներ՝ շարքային զինվորներից մինչև գեներալներ, ինչպես նաև ազատամարտիկներ:

 

Բացառիկ խիզախության, անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար առաջին հերթին հետմահու պարգևատրվեց ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների ժամանակ արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի» մեդալով: Նախագահը մեդալը շնորհեց կրտսեր սերժանտի ծնողներին:

 

Պարգևատրումներից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց բոլոր ներկաներին Հայոց բանակի օրվա և հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու համար, այնուհետև նշեց, որ զինվորականների առաքելությունը առանձնահատուկ է, որի պատճառով էլ կոչվում է ծառայություն և ոչ թե աշխատանք:

 

«Մեր ողջ ժողովուրդը ակնածանքով է վերաբերում ձեր գործին և երախտագիտության զգացում ունի մեր բանակի ու հայրենիքի յուրաքանչյուր զինվորի նկատմամբ: Այսօր այստեղ են, թե կադրային սպաներ, թե զորակոչային զինծառայողներ, որոնք բոլորը միասին վերցրած մի հզոր համաժողովրդական ուժ է, անպարտելի ուժ, որից հակառակորդը զգուշանում է ու նաև վախենում: Դուք այն վահանն եք, որի ներքո ապրում և արարում է մեր երկիրն ու ժողովուրդը: Այսօր ինձ պատիվ տրվել՝ հանձելու ձեզ Հայաստանի Հանրապետության պարգևները, բայց դրանք մեր պետության և ամբողջ ժողովրդի կողից տրվող գնահատականներն են»,-ասաց նախագահը և մաղթեց անփորձանք ծառայություն:
Այնուհետև Սերժ Սարգսյանը անդրադարձավ օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիոն գործողություններին և նշեց հետևյալը. «Օրեր առաջ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ցուցաբերած վեհ կեցվածքը վճռական պահին ու նրա ընկերների սխրանքը մեր բանակի իսկական նկարագիրն են ու օրինակը»:

 

Բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:
 

Նույն շարքից