Քաղաքական 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում․ ԲՀԿ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ շատ մտահոգիչ կետեր կան։ Մասնավորապես խոսքը վերաբերում է նրան, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ խոսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մասին։

Տոնոյանը նշեց, որ ԲՀԿ-ն բազմիցս իր դիրքորոշումը հնչեցրել է․ «Այս դեպքում միայն այն, որ Ադրբեջանը մեծ ոգևորությամբ ընդունեց հայտարարարությունը, արդեն շատ բանի մասին է խոսում։ Իհարկե մեր ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, սակայն կարծում եմ, որ դրան ևս մեկ անգամ անդրառանալու կարիք կա»։

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքերով, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմաշունչ, ուժի անունից հանդես գալու հայտարարությունները՝ կանկրետ այս հայտարարության մեջ զիջումների մասին խոսելն անընդունելի է․ «Ինչպես գիտենք, Ադրբեջանը հետևողականորեն ատելություն է  սերմանում հայերի նկատմամբ, ապակառուցողական և ուժի կիրառման դիրքերից է հանդես գալիս, ինչը մեզ համար ընդունելի չէ»։

«ԲՀԿ-ի դիրքորոշումն այն է, որ որևէ հարց, որը կապ կունենա Արցախի հետ, չի կարող որոշվել առանց Արցախի և Արցախի ժողովրդի մասնակցության»,-ասաց Տոնոյանը։

Նույն շարքից