ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունն արտացոլում է նրանց կարծիքը։ Այսօր՝ մարտի 11-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Վարդանյանը նշեց, որ ընթանում է բանակցային գործընթաց, որի ընթացքում կարող են հնչել տարբեր առաջարկներ, մոտեցումներ․ «Սակայն ձեզ հայտնի է ՀՀ վարչապետի պաշտոնական դիրքորոշումը, որ բանակցային գործընթացի և հակամարտության կարգավորման հիմքում պետք է այնպիսի լուծումներ որոնել, որոնք ընդունելի կլինեն ՀՀ-ի, ԱՀ-ի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Կարծում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձել են ամփոփել դեռևս մինչև թավշյա հեղափոխությունը ձևավորված օրակարգը և քննարկել են այն հիմնական հարցերը, որոնք բարձրացված են եղել այն ժամանակ։ Բանակցային գործընթացը շարունակվում է, դրա համար ընտրված է եռանախագահների ձևաչափը։ Հայտարարության մեջ դրական է այն, որ կողմերին ևս մեկ անգամ կոչ է արվում հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով, ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Այս կարգի հայտարարություններ արվել են նաև նախկինում։ Պետք չէ կոնտեքստից կտրել ինչ-որ մտքեր և այն ներկայացնել որպես հեղափոխական բնույթի հայտարարություն։ Դա դիվանագիտական աշխարհին բնորոշ հայտարարություն է։ Այն արտացոլում է բանակցային գործընթացը, որը եղել է մինչև թավշյա հեղափոխությունը։ Պարզ է, որ հեղափոխությունից հետո որոշակի ակցենտներ պետք է փոփոխենք բանակցային գործընթացում»։
Վարդանյանը հայտարարությունը գնահատում է որպես փաստ․ «Այդ հայտարարության մեջ որևիցե դրույթ չի խոչընդոտում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանը»։
Ինչ վերաբերում է հարցին, թե հայտարարությունը մտահոգիչ է արդյոք, պատգամավորն ասաց․ «Մտահոգիչ է այն առումով, որովհետև կարծես թե ներքաղաքական լարվածություն է ստեղծել, մտահոգիչ չէ, քանի որ Մինսկի խումբը խոսում է, և խմբի շրջանակներում աշխատանքները շարունակվում են»։