Քաղաքականություն 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ 

 

Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ. 

 

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:

 

Երբ հայ ժողովուրդը տևական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակն առաջին կայացած պետական կառույցը դարձավ: Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին և մեծագույն ձեռքբերումն էր: Սա արդեն պատմական փաստ է և անհերքելի ճշմարտություն: Բայց դա չի նշանակում, որ բանակաշինությունը կորցրել է իր արդիականությունը:

 

Բառացիորեն օրեր առաջ մենք վկան եղանք մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորի սխրանքին, ով իր կյանքի գնով կատարեց իր առաջադրանքը՝ պաշտպանելով այն ամենը, ինչը սուրբ ու նվիրական է բոլորիս համար: Այսօր մեր աչքի առջև նոր սերունդը շարունակում է մեր բանակի և զինվորականության լավագույն ավանդույթները, որոնք դեռևս ձևավորվել են Արցախյան հերոսամարտի օրերին՝ մարտի դաշտում:

 

2014 թվականի մայիսին կլրանա զինադադարի ստորագրման 20-րդ տարին: Արդեն երկու տասնամյակ է, ինչ մեր բանակը և ողջ հասարակությունը ապրում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում: Սա առանձնահատուկ բարդ վիճակ է ցանկացած բանակի և առանձին վերցրած՝ յուրաքանչյուր զինվորի ու սպայի համար, բայց այս ընթացքում մեր բանակը պատվով է կատարում իր առաքելությունը:

 

Այսօր՝ մեր հաղթական բանակի օրը, մեծ տոն է, և առիթ՝ հիշելու նրանց, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին և իրականացրեցին անհավանական թվացող ճիգերի գնով, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով: Նրանք դարձան օրինակ և չափանիշ հետագա սերունդների համար, ինչպես նրանց համար օրինակ ու չափանիշ էին եղել իրենց հայրերն ու պապերը երկրորդ աշխարհամարտի օրերին: Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր պարտադրված գոյապայքարը վերածեցին փառահեղ ազատամարտի: Նրանք դեռ բանակ չէին, և իրենց համեստորեն կոչում էին «ինքնապաշտպանության ուժեր»՝ ի տարբերություն այն հրոսակախմբերի, որ իրենց «բանակ» էին հորջորջում, բայց մեր ջոկատների կեսը չարժեին:

 

Մեր ժողովրդի բոլոր հատվածները միասին ձևավորեցին մեր բանակը ո՛չ թե թղթի վրա, այլ կռվի դաշտում: Իրավական ձևակերպումը եկավ ավելի ուշ, բայց ճիշտ ժամանակին: Դա այն պահն էր, երբ մենք ամենայն իրավունքով և հպարտությամբ մեզ կարող էինք կոչել Հայաստանի Հանրապետության զինված ուժեր: Հայոց բանակը և՛ պատերազմի դաժան օրերին, և՛ զինադադարի 20-ամյա ժամանակահատվածում ապացուցել է և ամեն օր ապացուցում է, որ հակառակորդի հոխորտանքները ոչինչ չարժեն, որովհետև սահմանին կանգնած է պատրաստված և գիտակից հայ զինվորականը: Եվ կանգնելու է: Քսան տարին մեր պատմության համար նույնիսկ ակնթարթ էլ չէ: Մենք կանգնելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է:

 

Հայաստանի զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը դեռևս իրենց ձևավորման պահին ասացին հակառակորդին և բոլորին մի պարզ բան. Արցախի ազատությունը վեր է ամեն ինչից, մենք գիտակցում ենք, որ մեզ ոչ ոք ազատություն չի նվիրելու, բայց մենք պատրաստ ենք պայքարի: Եվ մենք հաղթեցինք:

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պանծալի տոնի առթիվ: Մենք վստահորեն նայում ենք առաջ, որովհետև ունենք հուսալի պաշտպան՝ ի դեմս հայկական բանակի: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն և բարօրություն»: 

Նույն շարքից