Քաղաքական 

Ըստ Մարուքյանի, ամենամտահոգիչ ձևակերպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ

Կառավարությունը ձևավորվել է Սահմանադրության խախտմամբ, քանի որ ՀՀ նախագահին սահմանված կարգով՝ 5-օրյա ժամկետում չեն ներկայացվել 18 նախարարները, ներկայացվել են 12-ը, հետևաբար համապատասխան նորմը խախտվել է։ Այսօր՝ մարտի 11-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ երկրորդ խախտումն է եղել, քանի որ ժամանակավոր պաշտոնակատարներն իրավունք չունեն մասնակցելու առհասարակ ներկա լինելու դահլիճում, սակայն ներկայացել են և պատասխանել պատգամավորների հարցերին։

Մարուքյանը նշեց, որ ԼՀԿ-ն դիմել էր ԱԺ ղեկավարությանը, որպեսզի պատգամավորական խումբ ձևավորվի, որը կմեկներ Սիրիա և կծանոթանար այնտեղ հայկական խմբի գտնվելու պայմաններին։ Սակայն ԱԺ ղեկավարությունը մերժել է առաջարկը։

ԼՀԿ առաջնորդն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը ևս․ «Հայտարարությունը բավականին մտահոգիչ է։ Այն ոչ առաջին ոչ էլ, կարծում եմ, վերջին մտահոգիչ հայտարարությունն է լինելու։ Մենք նախընտրական փուլում հայտարարել ենք, որ աջակցում ենք իշխանությունների բոլոր ջանքերին, որոնք կապված են Արցախին բանակցային սեղան վերադարձնելուն, հիմա էլ շարունակում ենք աջակցել։ Հայտարարության մեջ ամենամտահոգիչը ձևակերպումն է, որը հետևյալ տեսքն ունի «ԼՂՀ իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով»։ Սա հակասում է հայկական կողմի նախկինում պահված սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի քաղաքացիները 1991 թվականին հանրաքվեով ինքնորոշվել է և դրա իրավաբանական ուժ ունի։ Իսկ հիմա, եթե խոսվում է նոր հանրաքվեի մասին, նշանակում է հաշվի չի առնվում նախորդը։ Այդ եղելությունն անտեսելը մտահոգիչ է և անընդունելի»։

Նույն շարքից