Եթե ոչ քաղաքագիտական և դիվանագիտական լեզվով ասենք, բոլորին պարզ է, որ Հայաստանում հող հանձնող չկա, պարզ է նաև, որ Ադրբեջանում Արցախը ճանաչող չկա։ Հետևաբար այս առումով պետք է շարունակել խոսել, բանակցել, քանի որ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան՝ իրար վրա կրակելը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, Մարուքյանը նշեց, որ այն բավականին հանդարտ է, ինչը ողջունելի է․ «Այդ իրավիճակը պետք է պահել։ Ցանկացած բանակցություն կարող է արդյունք տալ տևական խաղաղության պայմաննեորւմ։ Ապրիլյան պատերազմը թարմ վերք է բանակցություններն առաջ տանելու համար։ Ես սա ասել եմ նաև ԵՄ ներկայացուցչին, ով զբաղվում է Հարավային Կովկասում կոնֆլիկտներով։ Մինչև տևական խաղաղություն չլինի, կողմերին խաղաղության պատրաստելու մասին խոսելն աբսուրդ է։ Պետք է խաղաղության պատրաստել Ադրբեջանի ժողովրդին։ Պետք է նշեմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ է այն, որ որևէ կերպ չի դատապարտվում այն, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելություն են քարոզում մանկապարտեզից սկսած։ Երևի ծերանոցներում էլ են քարոզում։ Դա խոչընդոտ է հակամարտության լուծմանը։ Այստեղ առաջ է գալիս Արցախի բնակչության անվտանգության հարցը։ Մենք կանգնած ենք ցեղասպանության վտանգի առաջ։ Եթե մարդիկ քնած մարդու գլուխ են կտրում, եթե կտրում են մեր զինվորների գլուխները, դա չի դատապարտվում, հակառակը նրանց հերոսացնում են, իսկ դա համանախագահների կողմից չի դատապարտվում, ինչի մասին է խոսքը։ Նրանք նկատում են Հայաստանի կողմից ֆորմատը փոխելու ձգտումը, սակայն կան այլ հանգամանքեր ևս, որ պետք է սպասել»։
Մարուքյանը կարծում է, որ առաջիկայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից շատ բան սպասել պետք չէ, պետք է սպասել, որ իրավիճակը չի սրվի և բանակցությունները կշարունակվեն։