Կառավարությունն իր կառուցվածքը ներկայացնելու մոնոպոլ իրավունք ունի, մենք չէինք կարող ներկայացնել մեր տարբերակը։ Սակայն մենք հիմա պատրաստում ենք այլընտրանքային առաջարկություն եղած կառուցվածքին։ Այդ առաջարկությունը միտված է լինելու մի քանի նախարարություն պահպանելուն և այն համակարգը վերափոխելուն, որի դեմ բոլորով պայքարել ենք։ Սա նշանակում է, որ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, ՊԵԿ-ը պետք է վերադառնան կառավարության կառուցվածք նախարարությունների տեսքով։ Մենք լրջորեն քննարկում ենք նաև գյուղնախարարության միացումն Էկոնոմիկայի նախարարության հետ։ Այս պահին քննարկումները ցույց են տալիս, որ չի կարելի նման բան անել, գյուղնախարարությունը պետք է լինի, այդ ոլորտով զբաղվող առանձին նախարարություն է պետք։ Նմանատիպ քննարկումներ ունենք նաև Մշակույթի և Էներգետիկայի նախարարությունների մասով։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ինչ վերաբերում է կրճատումներին, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ տնտեսությունը չի կարող զարգանալ կրճատումներով․ «Պետք է կրճատվեն ուռճացված ապարատները։ Դրա մասին մենք էլ ենք խոսել։ Օրինակ փոխմարզպետներ և այլն։ Բայց կան նաև երկար տարիներ մասնագիտացած համակարգեր, որոնք կրճատելու և նրանց գործառույթներն այլ մարմինների վրա դնելու պարագայում մենք չենք կարողանալու խնդիրը լուծել։ Կեսից պարզվելու է, որ սխալ է արվել, ետքայլ անել չի լինի, ինչը մեծ հարված կլինի ոլորտին։ Կառավարությունը հիմա թիվ չի ասում, թե որքան մարդ է կրճատվելու, միայն գրություններ ենք տեսնում հավելյալ արժեք չստեղծող մարդկանց մասին։ Դրա համար կարծում եմ, որ մեզ բուռն քննարկումներ են սպասվում»։