Քաղաքականություն 

Նոր օրինագիծ ԱԺ-ում

analitik.am

Հայաստանի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 29-ին գումարել է 2014թ. առաջին նիստը, որտեղ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիմնական զեկուցողը նշել է, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» 13-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր կողմ արգելում է ծխախոտի գովազդը, հովանավորչությունը եւ վաճառքի խթանումը: Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց 5 տարվա ընթացքում կձեռնարկվեն պատշաճ օրենսդրական, գործադիր, վարչական եւ այլ միջոցներ:

Հարակից զեկուցող Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ ծխախոտի գովազդի արգելումը մեծապես կնպաստի դեռահասների շրջանում ծխելու տարածվածության կանխարգելմանը: Վերջին տասնամյակում ծխախոտի դեմ պայքարը ՀՀ գերակա խնդիրներից մեկն է դարձել, քանի որ ներկայում մեր երկրի քաղաքականությունը քաջալերում է առողջ ապրելակերպը:

Օրինագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Նույն շարքից