Այսօր հրավիրված ասուլիսին թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն ընդգծեց, որ Թուրքիայում այցից կար առնվազն երեք ակնկալիք։ «Առաջինը, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները մեղմվեն, փորձել զիջումների հասնել Ցեղասպանության հարցում և ԵՄ անդամակցության հարցում մեղմել Ֆրանսիայի դիրքորոշումը։ Առնվազն երկուսը տեղի չունեցան։ Թե Ցեղասպանության, թե ԵՄ հարցում Օլանդը ցույց տվեց նույն դիրքորոշումը, ինչը կար նախկինում։ Ինչ վերաբերում է երրորդ ակնկալիքին, ապա Ֆրանսիայի նախագահը խոսեց երկու երկրների հետ հարաբերությունների լավացման տեսանկյունից»,-ասաց նա։
Թուրքագետը կարևորեց նաև Օլանդի այն հայտարարությունը, որ Ցեղասպանության մերժումը կքրեականացվի։ «Օլանդը եզակի նախագահ է, ով հենց Թուրքիայում նախագահի ներկայությամբ ասաց, որ ճանաչելու են քրեականացման օրենքը և անհրաժեշտություն տեսավ, որ Թուրքիան էլ ճանաչի, ընդ որում՝ ասաց երկու անգամ, մեկն էլ Գալաթասարայի ուսանողների ու պրոֆեսորների հետ հանդիպմանը»,-նշեց նա։
Հարցին, թե արդյո՞ք դա գործիք չէ Թուրքիայի կողմից տարվող քաղաքականությունը զսպելու համար, Անդրանիկ Իսպիրյանը պատասխանեց. «Օլանդի խիստ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ ոչ միան անձնական, այլ իր նախորդների որդեգրած քաղաքականությունն էր»։ Թուրքագետը չհերքեց, որ դրանով փորձ արվեց նաև սաստել Թուրքիայի հռետորաբանությունը։
«Նա իջեցրեց թուրքերի ժխտողականության հռետորաբանությունը, որը վեր էր բարձրացել հատկապես ՄԻԵԴ-ի՝ Փենիչեքի վճռից հետո»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է Գյուլի արձագանքին, ապա ըստ նրա, դա ընդամենը հուսահատ կոչ էր, քանի որ Գյուլը ոչինչ չուներ ասելու, քան հարցը պատմաբաններին թողնելու առաջարկը։
Իսկ թե ինչ պետք է սպասել առաջիկայում Օլանդի Ադրբեջան այցից, թուրքագետը նշեց, որ նմանատիպ կոչի Արցախի հարցի կարգավորման հարցում պետք չէ սպասել. Ֆրանսիայի նախագահը իրեն կդրսևորի ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող կողմ և հանդես գալով այս համատեքստում՝ կփորձի պահպանել անկողմնակալությունը, որպես ԵԱՀԿ ֆորմատում խաղաղարար կողմ։