Քաղաքականություն 

Բանակը կարելի է ներգրավել երկրում անկարգությունների ժամանակ. Արդարադատության նախարարություն

analitik.am

Բանակը կարելի է ներգրավել երկրում անկարգությունների ժամանակ: Նման եզրակացության է եկել  արդարադատության նախարարությունը՝ քննելով ՀԱԿ խմբակցության առաջարկած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը եւ մերժելով այն:

Օրինագծում առաջարկվում էր բացառել երկրում ցանկացած տեսակի խռովությունները ճնշելու համար Զինված ուժերի ներգրավումը՝ սահմանափակվելով միայն Ոստիկանության եւ ԱԱԾ-ի ներքին զորքերի հնարավորություններով:

Բանակի հնարավորությունները կարող են օգտագործվել միայն տարերային ու այլ աղետների դեպքում, այն էլ՝ առանց զենքի:

ՀԱԿ-ը պարբերաբար հայտարարում է նման փոփոխության անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերում ներգրավված էին նաեւ Զինված ուժերը, իսկ դա Սահմանադրությամբ արգելված է:

Արդարադատության նախարարության հիմնավորումում նշվում է, որ Հայաստանի Սահմանադրության 8.2 հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս. Զինված ուժերը կարող են օգտագործվել անվտանգության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառնալիքները վերացնելու համար: Այս առումով, ըստ արդարադատության նախարարի, Հայաստանի Սահմանադրությունը համահունչ է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը թույլ է տալիս բանակը ներգրավել «պատերազմի կամ մարդկանց կյանքին ու երկրի գոյությանը սպառնացող  հասարակական այլ արտակարգ դրության ժամանակ»: Իսկ  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 9-րդ հոդվածը նախատեսում է բանակի օգտագործում, եթե այլ կերպ հնարավոր չէ չեզոքացնել սահմանադրական կառույցին, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, մարդու իրավունքներին եւ ազատություններին սպառնացող վտանգը:

Նույն շարքից