Քաղաքականություն 

ՀՀ-ում կարևորագույն օրենքներն ընդունվում են քաղաքացիական հասարակության կարծիքը հաշվի առնելով. ՀՀԿ-ական պատգամավոր

analitik.am

Կենսաթոշակային նոր բարեփոխումները համարձակություն են պահանջում, բայց միեւնույն է` անխուսափելի են: Այս մասին, այսօր` հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը:

«Բարեփոխումների միայն մի փոքր մասն է կազմում պարտադիր բաղադրիչը, իսկ ընդհանուր բարեփոխումները համարձակություն են պահանջում, որը մենք ունենք»,- ասաց նա:

Արտակ Դավթյանը դժվարացավ ասել, թե մարտի 28-ին ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը:

«Եթե այս օրենքը հակասահմանադրական կճանաչվի, մենք հարգանքով կվերաբերվենք, որովհետեւ Հայաստանում այլ ատյան չկա, որտեղ կարող ենք վիճարկել որոշումը»:

Արտակ Դավթյանի խոսքով` Հանրապետական կուսակցությունը անընդհատ ուշադրության կենտրոնում է պահում նոր օրենքը. «Եթե հաշվի առնենք, որ նախարարը ՀՀԿ-ական է, ուրեմն այս օրենքը մեր ամենօրյա քննարկման ռեժիմում է գտնվում»,- ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց նաեւ, որ  Հայաստանում արդեն կարեւորագույն օրենքներն ընդունվում են քաղաքացիական հասարակության կարծիքը հաշվի առնելով: «Քաղաքացիների ակտիվությունն առհավատչյան է այն բանի, որ մեր երկրում կարեւորագույն օրենքներ ընդունելիս անհնար է նրանց կարծիքները հաշվի չառնել»,- ասաց պատգամավորը:

Նա չբացառեց, որ օրենքի ընդունումից հետո էլ հնարավոր է, որ դրանում փոփոխություններ կատարվեն:

Նույն շարքից