Քաղաքականություն 

ՄԻԵԴ-ի անփոփոխ մնալը մեծ հարված է հայ ժողովրդի իրավունքների վերականգնման գործին

analitik.am

Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի 2013-ի դեկտեմբերի 17-ի վճռի անփոփոխ մնալը մեծ հարված է հայ ժողովրդի իրավունքների վերականգնման գործին, այդ թվում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային ճիգերին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը իր անարդար վճռով արդարացրել է մարդու դեմ ոճրագործության իրականացման հերքումը: Փաստորեն անմեղսունակ է ճանաչվել մի հանցագործ, որը հերքում է մարդկության դեմ կատարված ոճրագործությունը, դա անվանելով «միջազգային սուտ», իսկ դրա վտանգը կրկնապատկում է այն հանգամանքը, որ այս կեցվածքը միտում ունի դառնալ նախադեպ եւ առիթ ստեղծել նոր ոճրագործությունների ընդդեմ բոլորիս` համայն մարդկության:

Արցախը դիմակայել է Թուրքիայի կողմից սկսված եւ Ադրբեջանի միջոցով շարունակվող ցեղասպանությանը: Ադրբեջանը դեռեւս 1920-ական թվականներին պետականորեն ծրագրված ցեղասպանություն է իրականացրել ոչ միայն Արցախում, հատկապես Կուր գետի արեւելյան հատվածում, այլ նաեւ Նախիջեւանում: Վկան ամայացված բնակավայրերն ու ոչնչացված հարյուրավոր հայկական խաչքարերն են:

Մեր խորին համոզմամբ՝ Ադրբեջանին այս սանձարձակությունների մղողը ժամանակին Թուրքիայի կատարած ցեղասպանության չդատապարտելն է, հատուցում չպահանջելը եւ վերջին հաշվով միջազգային հանրության կողմից այդ անմարդկային եւ վայրագ քաղաքականության շարունակության փաստացի հովանավորումը: Մեր ժողովրդի համառ եւ վճռական պայքարի շնորհիվ մեր հայրերի, ընկերների, զավակների արյան գնով մենք կանխեցինք ցեղասպանության նոր ալիքը եւ կերտեցինք մեր Ազատ ու Անկախ երկիրը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մեր համոզմամբ Եվրոպական դատարանի այս որոշումը նախ եւ առաջ հարցականի տակ է առնում Շվեյցարիայի արդարամիտ օրենսդրությունը, որը քրեորեն պատժելի արարք է համարում մարդկության դեմ ոճիրները, ներառյալ Հայոց Ցեղասպանության ժխտումը:

Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի վճռի անփոփոխ մնալը մեծ հարված է հայ ժողովրդի իրավունքների վերականգնման գործին, այդ թվում Հայոց Ցեղասպանության ճանաչման միջազգային ճիգերին:

Բարձր ատյանների հակամարդկային որոշումները ծնում են նոր ոճրագործություններ: Դրա վկայությունն է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ադրբեջանական կողմի ագրեսիվ քայլերը, որոնց հետեւանքով նորից թափվեց անմեղ արյուն: Մենք անզիջում կլինենք մեր ազգային շահերի պաշտպանության գործում»:

Նույն շարքից