Երբ Հայաստանն անկախացավ ՀՀ առաջին իշխանությունները ոչ միայն պատրաստ չէին այդ անկախությանը, այլ նաև դեմ էին դրան: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը. «Բացասական իմաստով չեմ ասում: Լևոն Տեր-Պետրոսյանը, Ղարաբաղ կոմիտեն պատրաստ չէին անկախությանը: Նրանք եռագույնը հեռացնում էին պատերից: Ասում էին, որ կխանգարի: Եվ հանկարծ այդ մարդիկ եկան իշխանության»:
Հայրիկյանի խոսքերով, ՀՀ առաջին իշխանություններն անկախությանը պատրաստ չեն եղել ոչ հոգեբանորեն, ոչ էլ գիտակցական մակարդակով․ «Նրանք անգամ վախենալով էին իրենց ձեռքը վերցնում «Անկախություն» թերթը: Հակառակ դեպքում թերթի առաջին համարում կկարդային, որ մեր սերնդի գլխավոր առաքելությունն է ցեղասպանության հետևանքների վերացումը:
Եթե այդ հոգեբանությամբ մեկը լիներ իշխանության և իր բացասական հոգեբանությամբ դաստիարակած չլիներ Նիկոլ Փաշինյանին, վերջինս շատ հանգիստ կարող էր ասել՝ մի կողմում Արցախն է, որն ուզում է ազատ ապրել, մի կողմում Ադրբեջանն է, որ ուզում է տիրել Արցախին: Դուք ուզում եք ավարտի՞ն հասցնել ցեղասպանությունը, դա արեք առանց մեզ: Արժանապատիվ խոսք չհնչեց որևէ ատյանից: Իսկ մենք անկախության ձգտում էինք հենց դրա համար: Մենք հասկանում էինք, որ պետք է ունենալ մի կառույց՝ միջազգային հանրության հետ այլ մակարդակով խոսելու համար: Կառույցն ունեցանք, սակայն իշխանության եկան գաղթականի հոգեբանություն ունեցող մարդիկ: Իշխանության են եկել պանդուխտ մտածելակերպի մարդիկ»: