Քաղաքականություն 

Հայաստանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում

analitik.am

Հունվարի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ քննարկում` «Պատերազմ ու նրա դասերը. հարատեւ խաղաղության որոնումը» խորագրով, որն անդրադարձավ խաղաղ եւ անվտանգ հասարակություններ եւ հարաբերություններ ապահովելու համար կանխարգելման, հաշտեցման, ճշմարտության մեխանիզմների կիրառման հարցերին: Նիստը նախագահում էր ՄԱԿ-ում Հորդանանի մշտական ներկայացուցիչ` արքայազն Զեիդ Ալ-Հուսեյնին: Քննարկմանը մասնակցեին ու ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը, ինչպես նաեւ անդամ պետությունների շուրջ վեց տասնյակ ներկայացուցիչներ:

Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նշեց, որ հաշտեցման գործընթացը չի ենթադրում միայն պայմանագրերի ստորագրում: Որպեսզի հաշտեցումը լինի տեւական, անհրաժեշտ է ընդունել անցյալը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաշտեցման հարցում հաջողության հասած ժողովուրդներն ու ազգերն անցել են արդարության վերականգնման ճանապարհով, որը ներառում է նաեւ նմանատիպ ոճիրների հետեւանքների վերացում: Իր ելույթի մեկ այլ բաժնում դեսպան Նազարյանը կարեւորեց նաեւ, որպեսզի միջազգային հանրությունը միաձայն դեմ արտահայտվի պատմության աղավաղմանն ու ժխտողականությանը:             

«Զանգվածային դաժան հանցագործությունների անպատժելիության վերացումը էական է արդարության վերականգման համար»,- նշեց դեսպանը ու հավելեց, որ «այսօր էլ ցեղասպանության հանցագործությունները կրկնվում են աշխարհի տարբեր մասերում` պատճառ հանդիսանալով հսկայական մարդկային կորուստների, քաղաքական ու տարածաշրջանային հուզումների»: Դեսպան Նազարյանն ընդգծեց, որ ամեն մի հասարակություն պետք է առերեսվի իր անցյալի հետ, եւ այս գործընթացում իրենց դերակատարումն ունեն նաեւ միջազգային կազմակերպությունները, խորհրդարանները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները, քաղաքական ու հոգեւոր առաջնորդները, պատմաբանները, ուսուցիչները եւ այլն:

Հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ պետությունների, միջազգային կառույցների (ներառյալ` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի ու դրա Փոքրամասնությունների պաշտպանության եւ խտրականության վերացման ենթահանձնաժողովի) կողմից` նա իր ելույթի վերջում կոչ արեց ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ու շարունակելու մարդկության դեմ կատարված այդ հրեշավոր ոճիրի ճանաչման ու դատապարտման գործընթացը:

Նույն շարքից