Քաղաքականություն 

ՀՀ ՍԴ-ն «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը պետք է ոչ սահմանադրական ճանաչի. Դ. Հակոբյանը

analitik.am

Եթե Սահմանադրական դատարանը վերջնականապես կասեցնի «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, ապա հարկավոր է ցրել այն ընդունած խորհրդարանը՝ որպես «անօրինական գործունեության որջ»: Այս մասին հունվարի 30-ի մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:

Ըստ նրա՝ ՀՀ ՍԴ-ն «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը պետք է ոչ սահմանադրական ճանաչի, քանի որ այն բազմաթիվ թերություններ ունի, որոնցից մեկն այն է, որ երիտասարդներից հավաքած գումարներն ուղարկվում են ծառայելու միջազգային կապիտալին՝ ՀՀ պետբյուջեի մասը լինելու փոխարեն: «Բացի դրանից, երիտասարդության 70%-ն այժմ գործազուրկ է, ո՞վ է վճարելու այդ քաղաքացիների կուտակային հաշիվների համար», - հավելել է Հակոբյանը:

Մարքսիստը օրենքի թերություններից է համարում նաեւ այն, որ իշխանությունները հաշվի չեն առնում, թե ինչպիսի հայեցակարգեր կտիրեն Հայաստանում կամ Եվրոպայում 30-40 տարի անց: Հակոբյանը հիշեցրել է Խորհրդային միության ժամանակները, «երբ մարդիկ ներդրումներ էին անում, ոչ ոք չգիտեր, որ 90-ականներին երկիրը կապիտալիզմի ճանապարհով է գնալու»:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին որոշել էր մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը, այսինքն պարտադիր բաղադրիչը:

Մնացած կետերի վերաբերյալ նիստը տեղի կունենա 2014թ. մարտի 28-ին՝ բանավոր ընթացակարգով:

Նույն շարքից