Բարի օր Վերլուծական Քաղաքականություն 

Կյանքի համար ջուրը, ցամաք հացն ու օդը բավարար են, քառակի հարկե՞նք մնացած ամեն ինչ. Անի Հովհաննիսյան

analitik.am

Տարօրինակ տենդենց եմ նկատում կառավարության անդամների մոտ. Առողջապահության նախարարն առաջարկում է հարկել ապրանքները, որոնք անհրաժեշտ չեն կյանքի համար...

Ֆինանսների նախարար, էկոնոմիկայի նախարար չկա՞ մեր երկրում, լավ, վարչապետ էլ չկա՞... Եթե այսուհետ ֆինանսատնտեսական, սոցիալական և այլ բոլոր ոլորտների համար առողջապահության նախարարն է պատասխանատու, ապա առաջարկում եմ, որ մտածի առողջության համար անհրաժեշտ ապրանքները բնակչության համար հասանելի դարձնելու մասին: Եթե այդքան մտահոգ է հասարակության առողջության մասին, ապա պետք է իմանա, որ Հայաստանում միջին աշխատավարձ ստացող ընտանիքը չի կարող առողջության համար անհրաժեշտ վիտամիններով հագեցած սնունդ՝ միրգ, բանջարեղեն, միս և այլն, գնել, քանի որ գների և ստացած եկամուտների միջև տարբերությունն ահռելի է:

Եթե հարցը բյուջեն լցնելն է, ապա առնվազն տարօրինակ է, որ այդ հարցով զբաղված է առողջապահության նախարարը, եթե այլ մոտիվացիաներ կան, ապա հասկանալի է:

Ինչ վերաբերում է կյանքի համար ոչ անհրաժեշտ ապրանքները հարկելուն, ապա ջուրը, ցամաք հացն ու օդը կյանքի համար լիովին բավարար են, եկեք կրկնակի, քառակի հարկենք մնացած ամեն ինչը, միևնույն է, կյանքի համար անհրաժեշտ չեն: Գուցե բոլոր նախարարությունները փակե՞նք, թողնենք միայն առողջապահության նախարարությունը, որն էլ կսովորեցնի մարդկանց գոյատևել՝ օգտագործելով բացառապես կյանքի համար անհրաժեշտ ապրանքներ:

Հ.Գ. Ադամ Սմիթն էլ 1776 թվականին է ասել այն, ինչ ասել է, տնտեսագիտությունը դրանից հետո բավականին լուրջ զարգացում է ապրել:

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյան

 

Նույն շարքից