Այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով կառավարության կառուցվածքի փոփոխությունների և սպասվելիք կրճատումների մասին, հայտարարեց՝ եթե ժողովուրդը գնացել է հեղափոխության, ոչ թե պետք է կրճատումներ լինեն, այլ պետք է լինեն ներդրումներ, աշխատատեղեր, աշխատավարձի բարձրացում, հարկերը պետք է պակասեն, վարկերի տոկոսներն իջնեն. «Եթե մարդը գնացել է հեղափոխության, դնել կրճատել, ոնց են մնալու: Դեմ ենք կրճատումներին, պետք է նրանց ապահովեն աշխատանքով, նրանք մեր հայրենակիցներն են»:
Ծառուկյանի խոսքերով, նախ պետք է մտածել մարդկանց աշխատանքով ապահովելու, աշխատավարձերը տալու մասին. «Մարդիկ պետք է աշխատանք ունենան, իրենց վարկերն ու տոկոսները փակեն, լավ ապրեն: Մարդիկ այսօր վարկի տակ են, չեն մտածում լավ ապրելու մասին, մտածում են այդ վարկերը տալու մասին»:
ԲՀԿ-ական պատգամավորներն այսօր Ազգային ժողովում Արցախի Հանրապետության դրոշներով էին: Ծառուկյանը նշեց, որ դրանցով իրենց աջակցությունն է հայտնում՝ հավելելով, որ Արցախի հարցը պետք է լուծել ազգովի:
Հարցին, թե ինչու է սկսել ավելի հաճախ մասնակցել ԱԺ նիստերին, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ դրա կարիքը կա, ընդունվում են օրենքներ, պետք է ներկայացնել սեփական դիրքորոշումները և այլն: