Երևանի քաղաքապետարանը սկսել է Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Աշխատանքները հարթ չեն ընթանում, քանի որ սրճարանների աշխատակիցները ընդդիմանում են: Նրանց խոսքերով, այս ամենի արդյունքում մեծ թվով մարդիկ են գործազուրկ մնալու:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սրճարանների տարածքները կանաչապատվելու են, խոսքն ընդհանուր առմամբ 1 հա տարածքի մասին է՝ Օպերայի ներքին կիսալուսնաձև հատվածում: Նա նաև նշեց, որ օպերային հարակից տարածքը վերականգնվելու է իր բնորոշ կերպարով՝ սիզամարգերով և համապատասխան ծառերով:
Սրճարաններից մեկի աշխատակիցը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով դիտարկմանը, որ դա արվում է կանաչ գոտի ստեղծելու համար, ասաց, որ քաղաքապետը թող գնա իր տան դեմից սկսի, թող Հյուսիսային պողոտան քանդի, եթե անօրինական է. «Եթե ասում են, որ անօրինական են տվել, էդ նույն մարդիկ նաև Հյուսիսային պողոտան են տվել: Թող գնա իր տունը քանդի, խի՞ չի քանդում: Գնացել է ուրիշ երկրում է ներդրումներ անում, ինչո՞ւ, վախենո՞ւմ է»:
Մեկ այլ քաղաքացու խոսքերով էլ, քաղաքապետը ղալաթ է անում, որ քանդում է սրճարանները:
Սրճարաններից մեկում հնչում է Հայկ Մարությանի կատարմամբ «Ես լավ տղա եմ» երգը:
Տեղում է նաև Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, ում խոսքերով, այսօր ապամոնտաժվելու է թվով 3 սրճարան: