Հասարակություն Քաղաքականություն 

«Բարև Երևան»-ի հայտարարությունը

analitik.am

Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել՝ քաղաքապետարանի պաշտոնյաների պահվածքի վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է. «Քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի կանոնադրության 10-րդ կետում գրված է. «Բաժնի ընթացիկ գործունեությունը կազմակերպում եւ ղեկավարում է բաժնի պետը եւ դրա համար կրում է պատասխանատվություն»:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն  իր տարածած հաղորդագրության մեջ «տվյալ բաժնի աշխատակցի անփութության պատճառով է  տեղ գտել այս թյուրիմացությունը» արտահայտությունը գրելիս ո՞ւմ է նկատի ունեցել, եթե ոչ՝ հենց Լուսինե Սարգսյանին, ում պատասխանատվության ենթարկելու փոխարեն բավարարվել են խիստ զգուշացմա՞մբ, ով չէր կարող չիմանալ, որ իր քրոջ լիազորությունները նրա դեմ հարուցված քրեական  գործի պատճառով ժամանակավորապես դադարեցված են 2013 թվականի օգոստոսի 29-ից, իսկ սույն թվականի հունվարի 26-ից նրան դատապարտող դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, սակայն մինչ օրս դեռեւս չկա Սուսաննա Սարգսյանին պաշտոնից  ազատելու մասին Երեւանի քաղաքապետի հրամանը, որը  նույնպես Լուսինե Սարգսյանի «շնորհքն» է: Այսինքն՝ տնօրենների ցուցակում դեռեւս նրա անունն է այն դեպքում, երբ 5 ամիս   է, որ դպրոցն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատա՞ր:  Չմոռանամ նաեւ գրել,   որ քաղաքապետը ծաղկեփունջ  է ուղարկել նախկին դատապարտված  տնօրենին, ինչպես ինքն է հայտարարել դպրոցում, որպեսզի ընդգծի՝ քաղաքապետն իր հովանավորն է:

Հիշեցնեմ թե՛ քաղաքապետին, թե՛ աշխատակազմի ղեկավարին, որ ընդամենը երկու ամիս առաջ 2011 թվականից մինչ օրս դպրոցների ազատված տնօրենների վերաբերյալ  այդ նույն պետի տրամադրած տեղեկատվությունն ինչպիսի  անհեթեթ  փաստաթուղթ էր, որի բովանդակության մասին հրապարակեցի հոդված: Հիմա էլ՝ ցանկացած քաղաքապետի  վարկաբեկող  «թյուրիմացություն» որակված այս պատմությունը:

Այս տգեղ պատմության մեջ ամենամեծ մեղավորը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն է, ում վստահում է քաղաքապետը եւ ով պարտավոր է քաղաքապետի ստորագրությանը ներկայացնել հավաստի փաստաթղթեր, այնինչ,   համագործակցելով  վերոնշյալ բաժնի պետի հետ,  ստորագրման է ներկայացրել   կեղծ  փաստաթուղթն ու  ոչ մի նկատողությո՞ւն: Հովանավորչությունն էլ ինչպե՞ս  է լինում, եթե նույնիսկ քաղաքապետարանի գործունեության հետ կապված անձանց ծննդյան օրը  շնորհավորելու ողջունելի ավանդույթն   օգտագործվում է  անձնական շահադիտական նպատակով: Երեւանի քաղաքապետարանի  նման գործելաոճը   պարզապես  անթույլատրելի է:

Այս  «թյուրիմացություն» որակված պատմության մեջ  անձամբ ինձ  շատ ավելի է մտահոգում է այն  կասկածը, որ     քաղաքապետի   կողմից  օրական տասնյակներով ստորագրված  փաստաթղթերի  մեջ  չկա՞ն արդյոք էլի  այնպիսիք,  որոնք  չէր կարելի ստորագրել:

Հետեւությունս մեկն  է՝  այդ փաստաթղթերը  քաղաքապետին ներկայացնողները  վստահելի չեն ոչ միայն քաղաքացիներիս, այլեւ հենց քաղաքապետի  համար: Տեսնենք  ի՞նչ քայլեր է ձեռնարկելու պարոն Մարգարյանը նման անվստահելի  անձանցից ազատվելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Նույն շարքից