Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Զախարյանը վստահ է, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանները պետք է ապամոնտաժվեն, չնայած այն բանին, որ դրանց աշխատակիցները դեմ են նման զարգացումներին:
Ֆակտորի հետ զրույցում Զախարյանը հայտարարեց, թե մի քիչ առաջ տեսել է, որ իրավիճակը լարված է, փորձել է մոտենալ հասկանալու համար, թե ինչ է կատարվում. «Քաղաքապետարանի աշխատակիցներն արդեն մի քանի անգամ ծանուցել են, որ պետք է ապամոնտաժվի, չեմ հասկանում ընդդիմանալու պատճառը: Աշխատատղերի խնդիրը հասկանալի է, հետագայում քննարկումներ կլինեն, սակայն արդեն ասվեց, որ ապօրինի են կառուցվել այս տարածքները, դրա համար պետք է ապամոնտաժվեն»:
Նշենք, որ այս պահին կողմերի միջև բանակցություններ են տեղի ունենում, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը: Հարցին, թե ուր կարող են տանել բանակցությունները, «Իմ քայլը» խմբակցության անդամը նշեց, որ տարածքը պետք է ապամոնտաժվի. «Եթե ընդիմանան, ոստիկանությունը պետք է խոչընդոտի և տարածքի ապամոնտաժման աշխատանքները կայանան: Որոշումն արդեն կա, չեմ կարծում թե ինչ-որ բան կփոխվի»։