Քաղաքականություն 

Սևանի մակարդակի բարձրացման 6 տարվա առաջանցիկ տեմպ ունենք. Բնապահպանության նախարար

analitik.am

Կառավարության որոշմամբ՝ առաջիկա 5 տարիներին Սևանից ավելի մեծ քանակի ջուր բաց կթողնվի, որպեսզի լուծվի Սևջուր գետի և Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդիրը։ 

 

Այսօր կայացած ասուլիսին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը անդրադարձավ այս առնչությամբ բնապահպանների մտահոգություններին՝ նշելով, որ նախատեսված ջրառից Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ չի նվազի։

 

Նախարարի խոսքով՝ առկա է Սևանի մակարդակի բարձրացման 6 տարվա առաջանցիկ տեմպ, իսկ իրենք ծրագրով նախատեսում են ջուր վերցնել 5 տարի ժամկետով։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր տարվա ջրառի ավելացումը չի բերի Սևանա լճի մակարդակի բացասական բալանսի։

 

Նախարարը մանրամասնեց, թե ծրագրով իրենք 3 խնդիր են բարձրացրել։ «Նախ, յուրաքանչյուր տարվա ջրառի ավելացումը չպետք է բերի Սևանա լճի մակարդակի բացասական բալանսի։ Ուզում եմ ասել, որ այսօրվա դրությամբ Սևանա լճի մակարդակը 1900 մ, 9 սմ է, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ավելացել է։ Այսինքն՝ մենք համեմատությունը դնում ենք նախորդ տարվա նույն օրվա հետ և երբ հայտարարում ենք, որ չպետք է բերի բացասական բալանսի, դա նշանակում է, որ չպետք է պակաս լինի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նույն օրվա համեմատ»,-բացատրեց նախարարը։

 

Նա հիշեցրեց, թե միջոցառումը ժամանակավոր է և սահմանվում է 5 տարի ժամկետով, ընդ որում՝ հաշվի է առնվել նաև մյուս կարևորագույն խնդիրը։

 

«Համաձայն օրենքի՝ մենք պետք է տարեկան շուրջ 20 սմ ջրի բարձրացում ունենանք, և եթե համեմատության մեջ ենք դնում այս տարիները 2001թ.-ից սկսած և եթե դիտարկում ջրի մակարդակի բարձրացումը՝ մենք կարող ենք հայտարարել, որ ունենք 6 տարվա առաջանցիկ տեմպեր։ Այսինքն՝ ունենալով 6 տարվա առաջանցիկ տեմպ, այս ծրագրով ջրառը 5 տարի է լինելու, և բնականաբար ջրի բացասական դինամիկա չպետք է արձանագրվի։ Իսկ եթե արձանագրվում է, հենց այդ տարվա ցուցանիշներով այդ բացը պետք է լրացվի»,-հավատացրեց նախարարը։

 

Երկրորդ մասով արդեն, ըստ նրա, պետական ծրագրով նախատեսվում են բազմաթիվ քննարկումներ և հանձնարարականներ, ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն։ 

Նույն շարքից