Քաղաքականություն 

ՀՀ նախագահը Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ

analitik.am

Շարունակվում է նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չեխիայի Հանրապետություն: Այսօր առավոտյան Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ:

Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Յան Համաչեկին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք մեծապես կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության դերը հայ-չեխական համագործակցության զարգացման եւ կապերի ամրապնդման գործում: Նրանք պատրաստակամություն են հայտնել զարգացնելու փոխգործակցությունը եւ շփումները՝ փոխադարձ վստահության ու փոխշահավետության հիմքի վրա։

Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ վերջին տարիներին զգալիորեն աշխուժացել են միջխորհրդարանական շփումները երկու երկրների միջեւ, ակտիվացել են խորհրդարանականների փոխայցերը, ինչը, նախագահի կարծիքով, լավ նախադրյալներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի Հանրապետության շահերին առնչվող արդիական հարցերի վերաբերյալ փոխադարձ ընկալումը խորացնելու, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական ձեւաչափերում համագործակցություն ծավալելու համար: Նշելով, որ 2012թ. Հայաստանի Ազգային ժողովի նախագահն այցելել է Չեխիա, Սերժ Սարգսյանն ասել է, որ ուրախ կլիներ Հայաստանում հյուրընկալելու Չեխիայի խորհրդարանի ղեկավարությանը:

Հայաստանի նախագահը եւ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահը համակարծիք են եղել, որ երկուստեք պետք է խրախուսել նաեւ բարեկամական խմբերի փոխայցելությունները, քանի որ միջխորհրդարանական համագործակցությունն այն հարթակն է, որտեղ պետք է լսելի լինեն միմյանց հուզող եւ հետաքրքրող հարցերը՝ այդպիսով նպաստելով երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության սերտացմանը: Այս համատեքստում Յան Համաչեկը գոհունակությամբ է նշել, որ խորհրդարանական վերջին ընտրություններից հետո կարճ ժամանակահատվածում ձեւավորվել է մեծաքանակ հայ-չեխական բարեկամության խումբ, որը, նրա համոզմամբ, լավ հիմք է փոխադարձ արդյունավետ աշխատանքի համար:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաեւ 20-րդ դարի Չեխոսլովակիայի եւ Չեխիայի պետականության համար կարեւոր նշանակություն ունեցող կառույցներից մեկը՝ Վիտկովի ազգային հուշահամալիր: Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել եւ հարգանքի տուրք մատուցել Անհայտ զինվորի հիշատակին:

Նույն շարքից