Սա Ստեփանակերտում անցկացվող առաջին նման խորհրդակցությունն էր՝ երկու հայկական պետությունների Անվտանգության խորհուրդների, ինչը հետաքրքիր ձևաչափ է։ Կարծում եմ՝ սա պետք է շարունակական լինի Հայաստանում և Արցախում։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, բայց բնական է, որ մեկ հանդիպման ընթացքում բոլոր հարցերը չեն կարող լուծվել, լուծվում են որոշները և հիմք դրվում այլ հարցերի, որոնք պետք է լուծվեն ապագայում, նախանշվում ծրագրեր և այլն:
Երբ ՀՀ նոր իշխանությունները հայտարարել էին, որ անելու են հնարավորը, որպեսզի վերականգնեն բանակցությունների լիարժեք ձևաչափը, այսինքն՝ պաշտոնական Ստեփանակետը մասնակցի բանակցություններին, Արցախի Հանրապետութունն այդ հայտարարությունը ողջունել է։
Սա ճիշտ է, այլ տարբերակ չկա, առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության, այն էլ բոլոր հարթություններում՝ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներին, մտքերի փոխանակման, առավել ևս՝ ինչ-որ հարցերի քննարկմանն ու ծրագրերի մշակմանը, համաձայնագրերի պատրաստմանն ու կիրառմանը։ Այդ բոլոր հարթություններում պետք է մասնակցի նաև Արցախը։ Հայտարարությունը ողջունելու հետ միաժամանակ՝ ասել ենք, որ այն բարդ գործընթաց է լինելու՝ աշխատատար, քանի որ բանակցությունների լիարժեք ձևաչափը վերականգնելու համար կա միայն մեկ խոչընդոտ, դա Ադրբեջանն է՝ իր քաղաքականության հետ միասին։
Պաշտոնական Բաքուն պետք է անի ամեն հնարավորը, որպեսզի այդ ձևաչափը չվերականգնի։ Սա բնական է, և այդպես էլ պետք է կանխատեսեինք, քանի որ 1997-98 թվականներից այդպես է։ Մենք տեսնում ենք, որ պաշտոնական Բաքուն ամեն ինչ անելու է, որպեսզի նման բան տեղի չունենա, սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք այդ մտքից, ուշ թե շուտ դա հնարավոր է լինելու, մենք այս ուղղությամբ պարզապես պետք է աշխատենք: