Քաղաքականություն 

Օրվա լավ լուրը

analitik.am

Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում քննարկվել է սիրիացի փախստականների հետ կապված բանաձեւը: Ի թիվս այլ երկրների, Հայաստանին եւս շնորհակալություն են հայտնել նրանց ապաստան տալու համար, նշվում է ԵԽԽՎ-ի կայքում:

ԵԽԽՎ-ն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի, Հորդանանի, Լիբանանի եւ Իրաքի իշխանություններին՝ մեծ թվով փախստականների պատսպարելու համար, ինչպես նաեւ ԵԽ անդամ հանդիսացող եւ չհանդիսացող այն երկրներին, ովքեր ապաստան են տրամադրել փախստականներին՝ Հայաստանին, Ավստրիային, Բուլղարիային, Ֆրանսիային, Գերմանիային, Լյուքսեմբուրգին, Շվեդիային եւ Շվեյցարիային:

ԵԽԽՎ-ն միաձայն ընդունել է սիրիացի փախստականների վերաբերյալ բանաձեւը, որին կողմ են քվեարկել նաեւ հայկական պատվիրակության երկու պատգամավորներ՝ Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ) եւ Լեւոն Զուրաբյանը (ՀԱԿ):

Բանաձեւով նախատեսվում է, որ ԵԽ անդամ երկրները, կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունները, Սիրիայի հարեւանները պետք է սիրիացիների համար հեշտացնեն վիզաների եւ կեցության իրավունքի տրամադրման ընթացակարգը: Պատգամավորները եվրոպական երկրներին եւ Սիրիայի հարեւան երկրներին կոչ են արել հաստատել մեծ թվով սիրիացիների ապաստան տված երկրներից նրանց վերաբնակեցման ծրագիրը, հնարավոր է՝ Եվրոպական խորհրդի զարգացման բանկի օգնությամբ, եւ ֆինանսական այդ կառույցին խնդրել «քննարկել անհատույց միջոցներ հատկացնելու հարցը՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գործունեության աշխուժացման նպատակով:

Վեհաժողովը նաեւ ափսոսանք է հայտնել, որ առայսօր ԵԽ անդամները սիրիացի փախստականների հարցով միասնական քաղաքականություն չունեն: «Իրաքում, Հորդանանում, Լիբանանում իրավիճակը գնալով ավելի մտահոգիչ է դառնում՝ տնտեսական անկման ու գործազրկությանը  զուգահեռ մեծ թվով փախստականներ ընդունելուց հետո:  Դա էլ հանգեցնում է տեղի բնակչության եւ փախստականների միջեւ լարվածության խորացման», – նշել են խորհրդարանականները:

Նույն շարքից