Բարի օր Հարցազրույց Քաղաքականություն 

Երևի մի փոքր  «շոկային» է, որ ԱԺ պատգամավորները Կառավարության որոշակի նախագծերի հանդեպ կարող են ունենալ կարծիք.  «Իմ Քայլ»-ի պատգամավոր 

analitik.am

Այսօր ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ՖԲ էջում գրառում էր կատարել այն մասին, որ  իր մոտ արմատանում է այն տպավորությունը, որ Իմ Քայլը խմբակցության որոշ պատգամավորներ մեր երկրի առողջապահական համակարգում դրական փոփոխություններ չեն ուզում: Թորոսյանը նաև նշել էր, որ օգնություն չի էլ ակնկալում նրանցից, բայց և թույլ չի տա որևէ արհեստական խոչընդոտ այդ կարևոր ծրագրերի իրականացման ընթացքում ու չի վարանի իրերը կոչել իրենց անուններով, ինչպես միշտ։

Մի բան բոլորի համար թող պարզ լինի. ես այս պատասխանատու գործում ունեմ գեթ մեկ առաքելություն՝ բերել դրական փոփոխություններ մեր երկրի առողջապահական համակարգում և բնակչության առողջության մեջ։ Այլ շահեր, ի տարբերություն ոմանց, ոչ ունեցել եմ, ոչ էլ ունեմ

Հաշվի առնելով այն փաստը, որ այսօր ՀՀ ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավորներից Բաբկեն Թունյանը և Գևորգ Պապոյանն էին հիմնականում խոսել հարկային օրենսգրքի մասով ունեցած իրենց որոշ վերապահումների մասին, Analitik.am-ը կապ հաստատեց Գևորգ Պապոյանի հետ՝ ճշտելու համար, թե ինչո՞ւ է կուսակից առողջապահության նախարարը նման մեղադրանքներ հնչեցնում, ինչպես նաև վերջինիս դիրքոշումը հարկային օրենսգրքի մասով:

Պապոյանը  կարծում է, որ ամբողջ քննարկումը պետք է չորս հիմնական շահառուների ոլորտային շահերի համատեղ գնահատականի արդյունքում լինի: Այսինքն` մի կողմից պետք է նայել Առողջապահության նախարարության կարծիքը և առողջապահության ոլորտային շահը, այնուհետև` ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության ոլորտային շահերը և ֆիսկալ տեսանկլյունից քննարկել , պետք է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ոլորտային շահը նայել, որտեղ Հայաստանի տնտեսության վրա ազդեցության գնահատականը կլինի , նաև պետք է բիզնես ոլորտի շահը դիտարկել: Անհրաժեշտ է բոլոր չորս կողմերի ազդեցության ոլորտային գնահատական և այդ ազդեցության գնահատականի արդյունքում պետք է վերջնական որոշում կայացնել:

«Ոլորտային գնահատականի արդյունքում կգանք լավագույն լուծման և այդ լավագույն լուծմանը միասին կքվեարկենք» ,-նշեց Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով`ԱԺ-ի և Կառավարության միջև չկա որևէ հակադրություն և  առողջ քննարկման արդյունքում հնարավոր կլինի գտնել լուծում, որը դրական կլինի և բիզնեսի, և Առողջապահության նախարարության, և Ֆինանսների նախարարության և առհասարակ` Հայաստանի տնտեսության և բնակչության համար:

«Երևի մի փոքր  «շոկային»է, որ ԱԺ պատգամավորները Կառավարության որոշակի նախագծերի հանդեպ կարող են ունենալ կարծիք, վերապահումներ, առաջարկներ: ԱԺ աշխատակարգը, կարծում եմ, որ մշտապես այդպիսին է լինելու` առողջ բանավեճեր, առողջ քննարկումներ, մասնագիտական բախումներ, որոնց արդյունքում լավագույն լուծումներն են լինելու »,-նշեց  Պապոյանը:

Պատգամավորի խոսքով` երբ խոսքը վերաբերում է հարկային տոկոսադրույքների բարձրացմանն, ապա առաջնային կարևորություն ունի,թե պետության տեսանկյունից, ֆիսկալ առումով, այն ինչ ազդեցություն ունի, ինչ ազդեցության գնահատական կա և բիզնեսի համար այն ինչ ազդեցություն ունի:

«Վերջիվերջո, հարկ վճարողը բիզնեսն է, և մենք չպետք է մեկ ոլորտային շահը գերադասելով` մյուսներինը ոտնահարենք»,- ընդգծեց  Պապոյանը:

Մյուս կարևոր հանգամանքը, որը շեշտեց պատգամավորը, սոցիալական խնդիրն է. «Բնակչության ֆինանասական վիճակի մասին  մտածելով` պետք է հասկանանք, թե ինչ ռիսկեր կարող են առաջանալ, եթե գնային կտրուկ բարձրացում լինի»:

Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի գրառմանը, ապա Պապոյանն ասաց, որ չի կարդացել, ուստի չի կարող որևէ մեկնաբանություն տալ:

Բաբկեն Թունյանի հետ զրուցելուն  պես կներկայացնենք նաև վերջինիս մեկնաբանությունը:

Իզաբել Սահակյան 

Նույն շարքից