Այսօր՝ մարտի 14-ին, կառավարության հերթական նիստի օրը, գործադիրի շենքի մոտ կրկին մարդաշատ է: Միանգամից մի քանի բողոքի ակցիա է ընթանում:
Ակցիա են անում նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը, որոնց խոսքերով, իրենց որդիների գործերով իրեղեն ապացույցները ոչնչացվել են, անհասկանալի է, թե ինչու է ստեղծվել համապատասխան հանձնաժողովը, որը պետք է քննի այդ գործերը:
Զինծառայողներից մեկի մոր խոսքերով, հանձնաժողովի ստեղծմանը զուգահեռ իրեն քննիչը զանգել ու հրավիրել է, իսկ երբ ինքն իր փաստաբանի հետ ներկայացել է, քննիչն ասել է, որ 9 տարի իրեղեն ապացույցները ոչնչացվել են, կեղծվել են, փակուղի է տարվել գործի քննությունը. «Այս հանձնաժողովը, որ ստեղծել են, ոնցոր թոզ փչեն ժողովրդի աչքին»:
Խաղաղ պայմաններում զոհված ծնողների խոսքերով, գործերը բացահայտելը հեշտ է, ուղղակի պետք է համակարգը փոխվի. «Ի սկզբանե ամեն ինչն էլ պարզ է, ուղղակի սա թոզփչոցի է: Գլխավոր դատախազն ու նրանք,ովքեր իրենց թաթով փակել են այս գործերի բացահայտումը, պետք է հեռանան, դրանից հետո հնարավոր է միայն բացահայտում լինի»:
Մայրերի հետ այսօր հանդիպեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով նշեց, որ մոտեցել է մայրերին, որովհետև ժամանակին գործով զբաղվել է, ուզում է տեսնել, թե գործերն ինչ փուլում են: